Հայերի հնարամտությունը ձախողվեց. սահմանին 6.5 տոննա հայկական բանջարեղեն են ոչնչացրել

Ռուսական կողմը հայտարարել է, որ Վերին Լարսի անցակետում հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով արտահանվող բանջարեղեն։ Sputnik Արմենիան պարզել է, որ մաքսանենգները հայեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Վերին Լարսի սահմանային անցակետում հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանվող բանջարեղենի խոշոր խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գյուղմթերքի վերահսկողության ծառայությունը։

Հայկական խնձորի պիտակները ռուսական կողմը չի ընդունել. խնձորը մնացել է Լարսի անցակետում

Sputnik Արմենիային հայտնի է դարձել, որ ապօրինի բանջարեղենը Ռուսաստան էր արտահանվում Հայաստանից։ Հայտնաբերվելուց հետո հենց սահմանային անցակետում համապատասխան մարմինների կողմից ոչնչացվել է շուրջ 6.5 տոննա բանջարեղեն` 5 տոննա լոլիկ, 1.2 տոննա բուլղարական տաքդեղ, 245 կիլոգրամ սմբուկ։

Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնեց, որ մաքսանենգներն անօրինական գյուղմթերքը փորձել են աննկատ անցկացնել օրինական փաստաթղթերով ձևակերպված խնձորի խմբաքանակի հետ, բայց բացահայտվել են։

Ի դեպ, օրեր առաջ նույն մաքսակետում սահմանապահներն արգելել էին նաև Օհանավանի գյուղացիներին պատկանող խնձորի խմբաքանակի արտահանումը։ Բանն այն է, որ մաքսանենգ բանջարեղենի դեպքը նախորդել է այս իրադարձությանը` դրանով իսկ սահմանապահների ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանից արտահանվող մյուս բոլոր ապրանքների վրա։

Թերևս սա է պատճառ դարձել, որ օհանավանացիների խնձորը շատ ավելի մանրակրկիտ եմ ստուգել։

Հիշեցնենք, որ շուրջ 20 օր ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից Ռուսաստան արտահանվող խնձորով բեռնված 23 բեռնատարները կանգնած էին Վերին Լարսում, նրանց թույլ չէր տրվում հատել սահմանը։ ՍԱՊԾ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ խնձորի ամբողջ խմբաքանակը փաստաթղթավորված է։ Ավելի ուշ պարզվեց, որ խնդիրը ոչ թե փաստաթղթերն էին, այլ փաթեթավորումը. միրգը դրված է եղել խնձորների համար չնախատեսված արկղերի մեջ։

Բեռնատարները վերադարձել են Հայաստան, որտեղ նոր փաթեթավորումից հետո Աշտարակի խնձորները դարձյալ կուղևորվեն ՌԴ։