ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 8-ին, ոստիկաններին հաջողվել է բացահայտել դեռ փետրվարի 24-ին Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 առանձնատան հրկիզողին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը:
Հիշեցնենք, որ այդ օրը հրշեջ-փրկարարներին հաջողվել էր քաղաքացիների օգնությամբ կանխել կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Հրդեհից տան սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել էր, իսկ մյուս սենյակը՝ մասամբ:
Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ տունը Ալավերդու Սանահին Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ 83-ամյա Վարշամ Դավիթավյանի ամառանոցն է, և այդ պահին ամառանոցում ոչ ոք չի եղել, իսկ գազ և էլեկտրաէներգիա սպառող սարքավորումները միացրած չեն եղել համակարգին, ինչն էլ կասկածի տեղիք էր տվել, որ հնարավոր է՝ տունը միտումնավոր է հրդեհվել:
Երեկ ոստիկանության Թումանյանի բաժին մեղայականով ներկայացել է Ալավերդու բնակչուհի 29-ամյա Արփինե Ա.-ն: Ըստ կայքում հրապարակված տեղեկության՝ նա խոստովանել է, որ 23-ամյա Հ. Ասլանյանի կողմից վերոհիշյալ բնակարանից կատարված գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փետրվարի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում մուտք է գործել Վ. Դավիթավյանին պատկանող առանձնատուն և իր հետ նախօրոք բերված պլաստմասե տարայով բենզինի օգնությամբ հրկիզել է տունը: Արփինե Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: