ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հանրային սննդի համաշխարհային շուկայում ամենահայտնի և ամենախոշոր ներկայացուցչի` McDonald's-ի զարգացմամբ զտարյուն հայերը բավականին ակտիվորեն են զբաղվում։ Ամբողջ աշխարհում McDonald's-ի արտոնագիր ունի միայն 30 հայ գործարար, այնինչ թուրքերն ու ադրբեջանցիներն ավելի ակտիվ են զբաղվում այդ բիզնեսով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում McDonald's ցանցի չորս ռեստորանների հիմնադիր, ֆրանսիահայ գործարարը, որը սակայն չցանկացավ իր անունը հրապարակել։
«Ամբողջ աշխարհում McDonald's ընկերությունը մոտ 30 հայ է ներկայացնում՝ այդ ընկերության ռեստորաններն աշխատացնելով, որոնցից մեկը ես եմ։ Ֆրանսիայում արագ սննդի ցանցի չորս ռեստորան ունեմ», — ասաց նա։
Մեր զրուցակիցը McDonald'-ում սկսել է աշխատել 35 տարի առաջ, երբ դեռ ուսանող էր: Այն ժամանակ նա ռեստորանում որպես հավաքարար էր աշխատում, այնուհետև՝ մատուցողՙ Ավելի ուշ նրան թույլ են տալիս աշխատել խոհանոցում, որտեղ բուրգերներ էր պատրաստում։ Աշխատասիրության, համառության և գործի նկատմամբ սիրո շնորհիվ նա ի վերջո այնքան է աճում, որ McDonald's-ի ռեստորաններից մեկի սեփականատերն է դառում Լիոնում։
Ըստ նրա` այդ բիզնեսում առաջ կարելի է գնալ միայն մեծ ցանկության և աշխատասիրության դեպքում։ Այսօր Ֆրանսիայում գործող McDonald's-ի 1400 ռեստորաններից 4-ը նրա սեփականությունն են։ Նրա ռեստորանի աշխատակիցների 90%-ը թուրք կամ ադրբեջանցի են։
«Ցավոք, հայերը չեն ցանկանում քչից սկսել, նրանց հարիր չէ մաքրելը կամ հաճախորդներին սպասարկելը։ Ադրբեջանցիները կամ թուրքերը չեն խուսափում ցանկացած աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարի, այդ պատճառով էլ հաճախ հայերից առաջ են անցնում այս բիզնեսում», — ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց, որ McDonald's-ում թուրք և ադրբեջանցի աշխատողները մի քանի անգամ գերազանցում են հայերին։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ արագ սննդի ցանցի այս հսկայի համակարգում ոչ ոք ազգության վրա ուշադրություն չի դարձնում. մարդը կամ կարողանում է, կամ չի կարողանում աշխատել այդ ոլորտում։ McDonald's-ի միակ մրցակիցներն իր իսկ ռեստորաններն են, և KFC-ի կամ Burger King-ի բուրգերները չեն կարող մրցել McDonald's-ի ուտեստների հետ։
«Նույն քաղաքում կարող է տարբեր մարդկանց պատկանող McDonald's-ի մի քանի կետ լինել։ Հենց այդ ռեստորանների սեփականատերերն էլ մրցակցում են միմյանց հետ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա խոստովանեց, որ մի քանի տարի առաջ մտադիր էր McDonald's բացել Հայաստանում, սակայն չստացվեց որոշ պատճառներով, որոնց մասին խոսել չցանկացավ։
Հիշեցնենք, որ Հայաստանում վրացի գործարար Թեմուր Չկոնիան մտադիր է McDonald's արագ սննդի ռեստորան բացել։ Գործարարը հայտարարելէ,թե մինչև մարտի վերջ կլուծվի առաջին ռեստորանի տարածքի հարցը։
Չկոնիան նախատեսում է Հայաստանում McDonald's յոթ ռեստորան հիմնել։ Ներկա պահին նախագիծը իրականացման փուլում է։ Ռեստորանը կառուցելու համար 1500 քմ մակերես ունեցող տարածք է հարկավոր։
Հայաստանում ռեստորանը բացելու հարցը քննարկվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։ Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացեց 1990-ականներին։ Այժմ Վրաստանում McDonald's արագ սննդի մի քանի կետ է գործում։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։