Փարիզում հայտնի հայուհու անունով փողոց է բացվել

Այդ կինը երկար տարիներ շրջագայել է Եվրոպայում` պատմելով հայ ժողովրդի ողբերգության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում Զաբել Եսայանի անունով ծառուղի բացվեց։ Այս մասին հայտնում է Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։ Բացմանը ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Զաբել Եսայանի անունով է կոչվել Փարիզի 20-րդ և 11-րդ թաղամասները կապող Մենիլմոնտան պողոտայի հատվածը։

Հրամայում ենք սպանել. անվախ թուրք գրողը քանդում է Ցեղասպանության ժխտման պատը
  

Զաբել Եսայանը (մինչև ամուսնությունը՝ Հովհաննիսյան) ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին՝ Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքում։ Նա ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը։ 1895 թվականին տեղափոխվել է Փարիզ, Սորբոնում գրականություն ու փիլիսոփայություն է ուսումնասիրել։ Զաբել Եսայանի «Ավերակներուն մեջ» (1911) աշխատությունը պատմում է Ադանում 1909 թվականին տեղի ունեցած քրիստոնյաների կոտորածների մասին, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել։
Կիլիկիայում ավելի քան երեսուն հազար հայ է սպանվել։ Տարիներ շարունակ Եսայանը շրջագայել է Եվրոպայում` պատմելով հայ ժողովրդի ողբերգության մասին։ Առաջին Համաշխարհայինից հետո նա օգնել է պատերազմից ու ջարդերից փրկված հայ որբերին։
1933 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ գլխավորել է համալսարանի արևելյան գրականության ամբիոնը։ 1937 թվականին կալանավորվել է։ 1943 թվականից հետո նրա մասին որևէ տեղեկություն այլևս չկա։