ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինն ու նրա նախկին ներկայացուցիչը հանդիպել են ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Իրականում» շոուի ժամանակ։ Ընդ որում` Մազուրը չգիտեր, որ հանդիպելու է Վիտալինային։
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտնեց, որ Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստվում էր դերասանին հոգեբուժարան ուղարկել։
«Սկանդալի ամենասկզբում Վիտալինան իմ առաջ խնդիր էր դրել ոչ թե ամուսնուն ընտանիք վերադարձնել, այլ նրան տեղավորել հոգեբուժարանում։ Գործարքի հաջող հանգուցալուծման դեպքում ինձ 3 մլն դոլար էր խոստացել», — հայտարարեց Մազուրը։
Վեճի ընթացքում Էլինան փորձեց ապացուցել նաև, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դավաճանել է Ջիգարխանյանին։ Նա վստահեցրեց, որ Վիտալինայի դավաճանության ապացույցներ ունի, որոնք նա հաղորդման ընթացքում չցուցադրեց, բայց նշեց, որ Ջիգարխանյանի նախկին կնոջը մերկացնող տեսանյութն իրեն է ուղարկել անձամբ Վիտալինան։
Վիտալինան, բնականաբար, պնդեց, որ Մազուրը սուտ է ասում, ինքը երբեք չի դավաճանել ամուսնուն և Մազուրին խնդրել է ոչ թե ամուսնուն հոգեբուժարան ուղարկել, այլ վերադարձնել տուն։
Հաղորդման ընթացքում կանայք միմյանց չխնայեցին, և ով ինչպես կարող էր, վիրավորեց մյուսին։ Մասնավորապես, Վիտալինան Մազուրին մեղադրեց մարմնավաճառների հետ սերտ կապեր ունենալու համար և փողոցային շուն անվանեց։
Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։