ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Թագուհի Ասլանյան. Այսօր Մարտի 8-ը նշում ենք որպես կանանց միջազգային տոն, որը, խորհրդային տարիներին հայտնվելով տոնացույցի մեջ, մինչև օրս շարունակում է իր պատվավոր տեղում մնալ՝ կանանց մեծարման առիթ դառնալով: Բայց եղավ մի ժամանակաշրջան, երբ Մարտի 8-ը հայկական տոնացույցից հանեցին և այն փոխարինեցին ապրիլի 7-ով։ Դա 1995 թվականին էր, երբ սկսեց գործել առաջին գումարման Ազգային ժողովը, որի նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը:
Այդ տարիներին Ազգային ժողովի պատգամավոր էր նաև գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա հիշում է, որ Մարտի 8-ն այն ժամանակ մեր տոնացույցից հանվեց զուտ որպես «խորհրդային վերապրուկ», «սովետական տոն»: Չգիտես ինչու, մեզանում Մարտի 8-ն ասոցացվում էր Խորհրդային Միության հետ, մինչդեռ, ինչպես հայտնի է, կանանց միջազգային տոն սահմանելու գաղափարն առաջարկել էր Կլարա Ցետկինը 1910թ. Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցած աշխատավոր կանանց երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ, և մինչ օրս այդ օրը տոնվում է արտասահմանյան մի շարք երկրներում:
Նույն շրջանում ԱԺ-ում պատգամավոր ընտրված Սերգո Երիցյանը հիշում է, որ պատգամավորները Մարտի 8-ը հանեցին տոնացույցից՝ պատճառաբանելով, թե Հայաստանի Հանրապետությունում պարտադիր չէ միջազգային տոներ նշելը։
«Այն ժամանակ մենք ազգային ինքնության կողմնորոշմամբ էինք փորձում առաջնորդվել՝ անգամ տոները սահմանելիս: Ուստի Մարտի 8-ը ևս հայկական տոներում ընդգրկելու անհրաժեշտությունը չկար: Ճիշտ է, ես այդ առաջարկին դեմ եմ քվեարկել, քանի որ համոզված էի` խորհրդային տարիներին նշվող շատ տոներ չէր կարելի կորցնել` Մարտի 8-ը, Մայիսի 1-ը, հատկապես Մայիսի 9-ը, որը նաև հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն էր ֆաշիստական Գերմանիայի դեմ: Սակայն մեծամասնությունն այդ կարծիքին չէր»,- պատմեց Երիցյանը:
Ըստ Մ. Տեր-Գուլանյանի` այն ժամանակ Մարտի 8-ը տոնացույցից հանելու նախաձեռնությունը ՀՀՇ կուսակցությանն էր, այդ հարցով մասնավորապես զբաղվում էր Էդվարդ Եգորյանի ղեկավարած պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: ՀՀՇ-ականների առաջարկը դժկամությամբ ընդունեցին հիմնականում կին պատգամավորները և կոմունիստները:
«Այդ թեմայի շուրջ բավական մեծ բանավեճ է եղել, կանայք` հիմնականում կոմունիստական կուսակցության շարքերում ընդգրկվածները, այդքան հեշտությամբ չեն զիջել իրենց դիրքերը` փորձելով ամեն ինչ անել Մարտի 8-ը որպես ամենամյա տոն պահպանելու համար: Առաջարկին հատկապես դեմ էր պատգամավոր Հրանուշ Հակոբյանը»,- հիշում է Տեր-Գուլանյանը:
Սակայն պատգամավորների մեծամասնություն կազմող ՀՀՇ-ականներն առաջարկին կողմ քվեարկելով` վերջ դրեցին բոլոր բանավեճերին ու քննարկումներին, և առաջին իսկ քվեարկությամբ Մարտի 8-ը դադարեց մեր տոնացույցում գործել որպես կանանց միջազգային տոն:
Բայց կանանց սիրաշահելու, մեր տոնացույցը կանանց նվիրված օրով համալրելու համար պատգամավորները Մարտի 8-ը մեկ այլ տոնով փոխարինելու առաջարկ էին պատրաստել, այնպես որ միջազգային տոնը դադարեցնելու փաստն այնքան էլ մեծ կորուստ չեղավ հայ կանանց համար: 1996թ. մարտի 8-ի փոխարեն որպես կանանց տոն սահմանվեց ապրիլի 7-ը` մայրության և գեղեցկության տոնը:
Մարտի 8-ը տոնացույցից հանելու և այն ապրիլի 7-ով փոխարինելու գաղափարը ավելի հին էր: Նախքան Ազգային ժողովի օրակարգում դրվելն այն արդեն շրջանառվում էր հայ մտավորականների շրջանում: Բայց գաղափարի հեղինակը գրող, Արցախյան ազատամարտի մասնակից, նահատակ Սամվել Շահմուրադյանն էր, որն առաջարկում էր հայոց եկեղեցու տոնացույցում նշվող Ս. Մարիամ Աստվածածնի օրը, որը միշտ նշվում էր ապրիլի 7-ին, սահմանել որպես մայրության տոն:
Հետագայում նրա գաղափարով վարակվեցին նաև մյուս մտավորականները, այնուհետև նաև քաղաքական գործիչները: Գուցե ժամանակներն էին այդպիսին` մարդիկ ամեն ինչ ազգայնացնելու մղումով էին տարվել:
Այդուհանդերձ որքան էլ Ապրիլի 7-ը տարածում գտավ մեր հասարակության մեջ` մարդիկ հավատարիմ մնացին Մարտի 8-ին` շարունակելով ոչ պաշտոնապես այդ օրը նշել որպես կանանց տոն, հիմնականում նվերներով մեծարելով կանանց: Իսկ դպրոցներում այդ օրը տղաները խորհրդանշական նվերներ էին անում աղջիկներին, ուսուցչուհիներին: Այնպես որ, հասարակությունը պատրաստ չէր հրաժարվել սովորությունից:
Եվ վերջապես` 2001թ. երկրորդ գումարման Ազգային ժողովը, որը նախագահում էր Արմեն Խաչատրյանը, Մարտի 8-ը կրկին հաստատեց հայկական պետական տոնացույցում` որպես կանանց միջազգային տոն, սակայն` ոչ Ապրիլի 7-ի փոխարեն: Երկու տոներն էլ հավասարապես տեղ ունեցան մեր տոնացույցում:
Ի դեպ, առաջարկի հեղինակը պատգամավոր Հրանուշ Հակոբյանն էր, ով 1996-ից հետո թերևս չէր հաշտվել տոնը կորցնելու գաղափարի հետ: Նրա առաջարկն ընդունվեց գրեթե առանց դժկամության: Հատկապես տղամարդ պատգամավորները մեծահոգաբար որոշեցին կանանց մեկի փոխարեն երկու տոն նվիրել: Հանրային քննարկումները ևս հանգեցրին կանանց նվիրված երկու տոն շնորհելու արդյունքին:
Եվ տոների ու հիշատակի օրերի մասին նոր օրենքով Մարտի 8-ը վերականգնվեց պետական տոնացույցում` սահմանվելով ոչ աշխատանքային օր: Իսկ որպեսզի տոների խառնաշփոթ չլինի` Մարտի 8-ը տարանջատեցին Ապրիլի 7-ից` վերջինը սահմանելով որպես մայրության տոն: Հետագայում կնամեծար տղամարդկանց նախաձեռնությամբ և ինչու ոչ` կանանց գործուն մասնակցությամբ, Մարտի 8-ից Ապրիլի 7-ը ժամանակահատվածը ոչ պաշտոնապես ընդունվեց որպես կանանց մեկամսյակ:
Այնպես որ հայ կանայք ավելի շատ շահեցին այն բանից, որ հայկական դեմոկրատիայի արշալույսին քաղաքական այրերը որոշեցին «հալածանքների ենթարկել» Մարտի 8-ը: Զուր չեն ասում` կանանց հետ ավելի լավ է չվիճել: