Ընդհանրապես Միկոյանի անունով մեզ մոտ ոչ միայն պաղպաղակ կա, այլ նաև նրբերշիկ, շոգեխաշած միս, երշիկի մի քանի տեսակներ, «Մայրաքաղաքային» աղցանի համար մայոնեզ, չխոսենք մյուս բաների մասին, որոնք նախատեսված էին տնային խոհանոցի և ուտելիքը երկար պահպանելու համար։
Այսպիսով, բոլոր հիմքերը կան, որ Անաստաս Իվանի Միկոյանին համարենք ինչպես խորհրդային ձևով սնվելու կազմակերպիչ, այնպես էլ յուրաքանչյուր տնային խոհանոցի շեֆ-խոհարար։ Ինչու՞ նա։ Որովհետև նա երկար տարիներ եղել է ԽՍՀՄ սննդարդյունաբերության նախարարը, իսկ հետագայում, ավելի նշանակալի պաշտոններ զբաղեցնելով, մնացել է ոլորտի համակարգողը (50 տարի)։
Չի կարելի ասել, որ Միկոյանն այն նախարարն է եղել, որից սկսվել է ԽՍՀՄ սննդի արդյունաբերությունը։ Հիշեցնում եմ պարենամթերքի նախորդ ժողկոմիսարների անունները` Շլիխտեր, Ցուրյուպ, Սերեդա, Բրյուխանով։ Նրանք բոլորը եվրոպական կրթություն ստացած մարդիկ են, ինչը, իհարկե, շատ կարևոր է, բայց, ինչպես պարզվել է, ամենակարևորը չէ։ Իսկ ի՞նչն է եղել ամենակարևորը։
Գաստրոնոմիական պատմաբան Վիկտոր Պոխլեբկինի խորհրդածություններից.
«Միայն այն փաստը, որ տվյալ ոլորտը գլխավորում է հայը, արդեն որոշակի վստահություն է առաջացրել պետական սննդի մատակարարման նկատմամբ, քանզի ամբողջ Կովկասը` իր 70 ժողովուրդներով, և ամբողջ Միջին Ասիան լավ գիտեին, որ հենց հայերն են լավագույն դուքանդարները Ռոստովից մինչև պարսկական սահման»։
Միաժամանակ, այդ ժամանակների «մեծ դուքանդարը» չէր խուսափում գիտատեխնիկական առաջընթացից, հաշվի էր առնում առաջադեմ գաղափարները, տարածում երկրում և ժողովրդին փայտիկով ինչ-որ բան առաջարկում։ Ինչպես գուշակեցիք, խոսքը բոլորի համար սիրելի 48-կոպեկանոց էսկիմոյի մասին է։ Ով կերել է, նա հիշում է` շատ համեղ էր, բայց պաղպաղակը սրընթաց արագությամբ հալչում էր և ավելի արագ կաթում այնտեղ, որտեղ պետք չէր։
Լինելով Ամերիկայում` Միկոյանն ուշադրություն է դարձրել այնտեղի պլոմբիրի վրա. այն ավելի ջերմադիմացկուն է եղել խորհրդայինի համեմատ։ Քաղցրասերները կարողանում էին վայելել պաղպաղակը, ոչ թե փորձում էին հնարավորինս արագ ուտել։
Պարզվել է, որ հարցը կայունացուցիչների մեջ է։ Պարզ ասած` սովորական օսլայի կամ ալյուրի, որոնք սկսել են խառնել նաև մեզ մոտ, և դրանից հետո էսկիմոն դադարել է կաթալ և տարածվել, համն էլ գրեթե չի փոխվել։ Սակայն այդ փոփոխությունները մի քիչ շփոթեցրել են կանանց, որոնք չեն ցանկացել ավելորդ քաշ հավաքել։ Բայց այդ հանգամանքը հետ չի պահել պաղպաղակը վայելելու գայթակղությունից։
Հիմա «Պրովանսալ» մայոնեզի մասին, որը նույնպես կապված է Միկոյանի անվան հետ։ Մայոնեզ` ֆրանսիացի խոհարար Լյուսիեն Օլիվյեի անունով աղցանի համար։
Ժողկոմիսարի թոռան` Վլադիմիր Միկոյանի պատմությունից, որն աշխատել է խորհրդային սննդարդյունաբերության ոլորտում.
«Մի անգամ դեպք եղավ հայտնի մասնագետ, Մոսկվայի ճարպամշակման կոմբինատի տնօրեն Լեոնիդ Ազնավուրյանի հետ։ Ես նրան համոզում էի փոխել «Պրովանսալ» մայոնեզի բաղադրատոմսը և օգտագործել որոշ բաղադրիչներ, որոնք թույլ կտան էժանացնել մթերքը։ Ազնավուրյանը պատասխանեց. «Այդ մայոնեզը հաստատվել է բաղադրատոմսով, որը ստորագրել է քո պապը։ Ուրիշ ի՞նչ հարցեր կարող են լինել։ Ես պահում եմ այդ բաղադրատոմսը, որպեսզի մարդիկ իմանան` ինձ մոտ հենց այդ դասական մայոնեզն է»։
Այն ավելի լավն է դարձե՞լ այսօր։ Միկոյանական հասարակական սննդի հետազոտող Իրինա Գլուշչենկոյի ուսումնասիրության համաձայն` ավագ սերնդի մարդիկ կարծում են, որ, հնարավոր է, դարձել է, բայց այն մայոնեզը, թեյը կամ շոկոլադը ինչ-որ բան կորցրել են համի առումով։ Այնպես չէ, որ ավելի վատն են դարձել, ուղղակի ինչ-որ բան փոխվել է։
Իսկ որտե՞ղ է մնացել նախկին համը։ Համարվում է, որ խորհրդային խոհանոցը շատ թե քիչ ամբողջական տեսքով պահպանվել է հիվանդանոցներում, բանտերում, դպրոցներում, մանկապարտեզներում, որոշ առողջարաններում և ճաշարաններում։ Բայց եթե հիշենք, որ առողջարաններ արդեն գրեթե չեն մնացել, իսկ ճաշարանների փոխարեն «Մաքդոնալդսներ» են, ապա նախկինն առաջարկում են որոնել «Համեղ և առողջարար սննդի մասին» հայտնի գիրք-աստվածաշնչում։ Ինչպես դժվար չէ գուշակելը, նույն Միկոյանի խմբագրությամբ։
Հիմա պատկերավոր այն մասին, թե ինչ է մնացել Միկոյանից։ Ամենից առաջ բոլորին հասանելի նրբերշիկների և երշիկների նոր տեսակները։
Այդ ժամանակների ֆոլկլորից.
Մենք` խորհրդային երշիկներս,
Լայնորեն տարածված ենք ժողովրդի մեջ
Մենք 125 տեսակ ենք,
Սպասում ենք միայն ձեր բերաններին…
125 տեսակի վերաբերյալ, իհարկե, անհեթեթություն է, բայց «Բժշկականը», «Սիրողականը», «Որսորդականը» աչքի են ընկել հիանալի համով։
Սովորել են արագ սառեցնել մթերքը, կենցաղում օգտագործվում է պահածոների համար ապակե տարան, պոլիէթիլենը, սննդամթերքի մանր փաթեթավորումը։
Ինչպե՞ս էին Երևանում 50-ականներին բրինձ, շաքարավազ, վերմիշել և թափվող-հոսող մթերքներ գնում։ Վաճառողի մեջքի հետևում դրված էին բրնձի, այլուրի, շաքարավազի, մակարոնի պարկերը… Մեկ կամ երկու կիլոգրամ ես խնդրում։ Վաճառողը վերցնում է չճկվող թուղթը, դրանից տոպրակ սարքում, աչքաչափով լցնում բրինձը, տոպրակը դնում կշեռքի վրա, եթե շատ է լցրել, հետ է լցնում, եթե քիչ` ավելացնում է, տոպրակը մի կողմ դնում։
Գնորդը հերթ է կանգնում դրամարկղի մոտ, վճարում, բերում կտրոնը և սպասում է, որ վերցնի տոպրակը։ Փորձելով չթափել` այն դնում է ցանցապարկի մեջ և գնում, ասենք, կարագի հետևից, որը նույնպես փաթաթում են թղթով։ Հետո կարագը դնում են կշեռքի վրա, մնացած քայլերը` ինչպես բրնձի դեպքում։
Ի՞նչ է տեղի ունեցել հետո։ Հետո կառուցել են պլաստիկ իրերի և ծալքավորված ստվարաթղթի, հյութերի փաթեթավորման համար թղթե տուփերի արտադրության գործարաններ, հայտնվել է կաթի փոշին, ապակե տարան, մետաղական կափարիչները և այլ բաներ, ինչի մասին հիշելն այսօր ծիծաղելի է։
Հ.Գ. 1933թ-ին Մոսկվայի խոշորագույն մսի կոմբինատը կոչվեց Միկոյանի անունով։ Նրա մշակումների հիման վրա ստեղծվեց երշիկեղենի, դելիկատեսների, պահածոների և կիսաֆաբրիկատների ԳՈՍՏ-ը։ Շատ համեղ էր։