Ավտոապահովագրման շուկայում տիրող «ամենաթողության» մասին խոսել է փորձագետը

Հայաստանի ապահովագրական ընկերություններից շատերը դիմում են տարբեր խորամանկությունների և մանիպուլյացիաների, որպեսզի փոխհատուցում չտան ՃՏՊ–ի մեջ հայտնված վարորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի ավտոապահովագրման շուկայում անհեթեթ իրավիճակ է տիրում. ՃՏՊ-ի մեջ հայտնված վարորդները երբեմն չեն կարողանում ստանալ իրենց փոխհատուցումը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Նա նշեց, որ ապահովագրական ընկերությունները ներկա պահին խստացրել են վարորդներին փոխհատուցում տրամադրելու կանոնները, բայց իրենք շարունակում են աշխատել նախկին ալգորիթմով։

«Գործող ապահովագրական ընկերությունները վեցն են, որոնցից չորսը դիմում են տարբեր խորամանկությունների և մանիպուլյացիաների, որպեսզի փոխհատուցում չտրամադրեն։ Ավելին, նույնիսկ եթե ՃՏՊ կողմերից մեկն ընդունում է մեղքը, ապահովագրողները պահանջում են փորձաքննությունն անցկացնել, երբեմն` կրկնակի», — նշեց Խաչատրյանը։

Միաժամանակ ապահովագրական ընկերությունները և փորձագետները գործում են համատեղ։ Եվ քանի դեռ շարունակվում են պարզել, թե ում և որքան պետք է վճարի ապահովագրական ընկերությունը, վարորդն ավտոմեքենան վերանորոգելու իրավունք չունի, հակառակ դեպքում կզրկվի փոխհատուցումից։

Որ ավտոմեքենայի համար ինչքա՞ն գումար պետք է վճարել Վրաստանի սահմանին

Խաչատրյանը նշեց նաև, որ Հայաստանի Կենտրոնական բանկը, որի գործառույթների մեջ մտնում է ապահովագրական շուկայի իրավիճակի վերահսկողությունը, բավականաչափ հետևողական չէ իր պարտականությունների կատարման մեջ, և որպես հետևանք ապահովագրության շուկայում քաոսը շարունակում է միայն աճել։

Մեկնաբանելով արտասահմանից Վրաստան բերվող ավտոմեքենաների ապահովագրության համակարգի ներմուծումը` փաստաբանը նշեց, որ այդ միջոցները պայմանավորված են իրենց քաղաքացիներին պաշտպանելու վրացական իշխանությունների ձգտումով։

Հիշեցնենք, որ արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները, որոնք նախատեսում են Վրաստանում մնալ 15 օրից ոչ ավելի, պետք է ապահովագրեն տրանսպորտային միջոցը երկիր մուտք գործելիս։ Ապահովագրման արժեքը 15 օրվա համար կազմում է 30 լարի (շուրջ 12 դոլար), մեկ ամսվա համար` 50 լարի (շուրջ 20 դոլար), մեկ տարվա համար` 290 լարի (շուրջ 120 դոլար)։

Ինչպես նշեց Խաչատրյանը, շուտով Վրաստան մուտք գործելու համար ապահովագրությունը կարելի է ձևակերպել նաև Հայաստանի տարածքում։ Դա արվում է մաքսակետում հերթերից խուսափելու նպատակով։ Փորձագետը ենթադրում է, որ ԱՊՊԱ կիրառումն արտասահմանյան ավտոմեքենաների համար կարող է հանգեցնել Հայաստանից Վրաստան մուտք գործելու թվի նվազմանը։