Սրտացավ գործընկերոջ առաջարկը. ՀՀԿ–ն գնահատել է ԱՄՆ դեսպանի` կոռուպցիայի մասին ասածը

Հակակոռուպցիոն միջոցառումները երկրի իշխանության ուշադրության կենտրոնում են, և Հայաստանը պատրաստ է լսել ամերիկյան գործընկերների առաջարկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հանրապետական կուսակցությունում հակված չեն «սուր քննադատություն» դիտարկել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ասածը, ըստ որի` կոռուպցիան խոչընդոտում է ամերիկյան ներդրումների հոսքը Հայաստան։

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքով` ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ այնքան որպես սուր քննադատություն են ընկալում, այլ որպես սրտացավ գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն: Նա վստահեցրել է` ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության կենտրոնում են հատկապես հակակոռուպցիոն միջոցառումները և երկրի հետևողական ժողովրդավարացումը։

«Հայաստանը միշտ պատրաստ է հաշվի առնել եվրոպացի ու ամերիկացի գործընկերների փորձը: Երբեք որևէ մեկը չի ասում, որ Հայաստանում չկան վատ երևույթներ, ինչպիսին կոռուպցիոն ու մենաշնորհներն են: Մենք պետք է տեսնենք՝ ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե ոչ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե այսօր»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` նման խնդիրներ կան նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում և մնացած բոլոր պետություններում: Բայց ակնհայտ է, որ որևէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան ՀՀ գործող իշխանությունները:

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. հարկայինները «խելոքացել են», մաքսայինները համառում են

Ռիչարդ Միլսն իր հարցազրույցներից մեկում խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին և ասել հետևյալը. «Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ»:

Միլսի հայտարարությանն անդրադարձել է նաև ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը։

«Ինչո՞ւ ամերիկացի ներդրողները Հայաստան չեն գալիս» հարցին նա պատասխանել է այսպես. «Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաև այլ պետությունների մարդիկ, որովհետև Հայաստանն անընդհատ կռվող պետություն է»: