Հորմոնային դեղերը դեռևս կվաճառվեն առանց դեղատոմսերի

Երեկ կառավարությունը, քննարկելով դեղերը դեղատոմսերով բաց թողնելու վիճահարույց և լայն հանրության շրջանում դժգոհություններ առաջացրած կանոնակարգումը, որոշում ընդունեց համակարգն աստիճանաբար ներդնելու մասին` ժամանակավորապես և մասնակիորեն կասեցնելով դրա ամբողջական կիրառումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է` բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ բոլոր դեղատոմսային դեղերի համար նոր կարգի միաժամանակ կիրառումը որոշակի բարդություններ կարող է առաջացնել բնակիչների, բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է նոր համակարգին աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:

Դեղատոմսով դեղեր. Հայաստանի բժիշկներն անկողնային հիվանդներին չեն ստիպի վազել

Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ համապատասխան որոշման գործողությունը կկասեցվի մինչև 2018 թ. հոկտեմբերի 1-ը, բայց որոշ ռիսկային դեղերի համար սահմանափակումներն արդեն կգործեն: Խոսքը թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի մասին է, որոնք արդեն մարտի 1-ից դեղատներում վաճառվում են միմիայն դեղատոմսերի առկայության դեպքում:

Այս ցանկում էին ներառված նաև հորմոնային դեղերը, որոնց նկատմամբ սահմանափակումը երեկվա կառավարության քննարկումից հետո վերացվեց: Դրանք առայժմ ազատ կվաճառվեն: Իսկ հուլիսի մեկից սահմանափակումները կատարածվեն նաև ներարկման համար նախատեսված դեղերի վրա: Նախատեսվում է հոկտեմբերի մեկից ամբողջությամբ անցնել դեղերի դեղատոմսերով բաց թողնման ամբողջական համակարգին: