Եթե հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, հասարակությունը չի կարող կոչվել արդի

Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, ՀՀ նախագահը բազմազավակ կանանց նաև խրախուսել է դրամական պարգևով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 Մարտ — Sputnik. Կանանց տոնի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ: Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևով:

Ընդամենը մեկ ծաղիկ` կնոջը ժպիտ պարգևելու համար. Երևանի քաղաքապետարանի անակնկալը

«Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից»,–ասել է ՀՀ նախագահն իր խոսքում։:

Նրա խոսքով` մեր անցած պատմական ճանապարհը և հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: «Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ և՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, և՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը: Դա չափազանց կարևոր է: Եվ չնայած խոսքերս չկարողացա լիարժեքորեն ասել այն առումով, որ շատ մեծ ներգրավվածություն չկա, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ տարեցտարի կանայք ներկայացվում են մեր պետական կառավարման բոլոր մակարդակներում, և չկա հանրապետությունում մի ոլորտ, որտեղ կանայք ներկայացված չլինեն»,–ասել է Սերժ Սարգսյանը:

1 / 3
ՀՀ նախագահը շնորհավորել է կանանց տոնը
2 / 3
ՀՀ նախագահը շնորհավորել է կանանց տոնը
3 / 3
ՀՀ նախագահը շնորհավորել է կանանց տոնը

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները և պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ: