Ատամնաբույժների «ատամնացավը». Հայաստանում ծառայությունների գները կարող են աճել

Հայաստանի կառավարությունը հոգացել է, որպեսզի հիվանդները ստիպված լինեն ոչ միայն ավելի շատ վճարել ատամնաբույժների ծառայությունների համար, այլ նաև մտահոգվեն իրենց անձնական տվյալների ապահովության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Առողջապահության eHealth էլեկտրոնային համակարգում հաճախորդների պարտադիր գրանցման կիրառումը կհանգեցնի նրան, որ ատամնաբուժական ծառայությունների գները 10-15%–ով կաճեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի դեկան, Հայ ատամնաբույժների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը։

Ովքեր և ինչպես են լրացնում դեղատոմսերը

Խոսքը ատամնաբուժական ծառայությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի մասին է։ 2017 թվականի օգոստոսի 24–ին որոշում է կայացվել այն ներառելու մասին։ Ատամնաբույժները պարտավոր են դրա կիրառմանն անցնել մարտի 6–ից։ Համակարգը, մասնավորապես, հաշվառվում է ատամնաբուժական ծառայությունների բոլոր տեսակները` սկսած խորհրդատվություններից, վերջացրած բժշկական միջամտություններով։ Միաժամանակ, համակարգը վճարովի է։

«Ատամնաբուժական կլինիկաները ատամնաբուժական համակարգի ներդնման մասին ծանուցումներ ստացել են 2017 թվականի դեկտեմբերին։ Նրանց համար դա անակնկալ էր», – ասաց Եսայանը։

Ատամնաբույժների ասոցիացիայի ղեկավարը այդ առիթով առողջապահության փոխնախարարի հետ հանդիպում է ունեցել։

Սակայն, նրա կարծիքով, պետք էր նախապես դրա մասին ատամնաբույժներին տեղեկացնել և հետո միայն համակարգերը գործարկել։

«Նորամուծության նպատակն է ստեղծել տվյալների բազա, որտեղ հավաքված կլինի տեղեկություն բոլոր հաճախորդների մասին` անկախ ոլորտից։ Պատահում է` այցելուները ատամնաբույժի բժշկական քարտում նշում են, որ «առողջ» են` չնայած որոշ հիվանդությունների առկայությանը», – պարզաբանեց Եսայանը։

Հասանելի կլինե՞ն արդյոք դեղատոմսերը տարեցների և հաշմանդամների համար. նախարարը լռում է

Նախարարությունը Ասոցիացիային ընդառաջ գնաց ու ստեղծեց հատուկ խումբ, որը ատամնաբույժների հետ հանդիպումներ է անցկացնելու, այդ թվում` նաև մարզերում։

Օգտվելով նոր համակարգից` ատամնաբույժը կկարողանա հիվանդի մասին իմանալ բոլոր անհրաժեշտ տվյալները։ Միաժամանակ այստեղ մեկ այլ խնդիր կա` անձնական տվյալների պաշտպանության հարցը։ Համակարգ մուտք գործելու հնարավորություն ունեցող ցանկացած մարդ կարող է ստանալ հաճախորդի բոլոր տվյալները։

«Ես դա ևս անթույլատրելի եմ համարում», – նշեց Եսայանը։

Նրա խոսքով` կարելի է ուղղումներ մտցնել, որ բժիշկը միայն հաճախորդի թույլատվությամբ կարողանա ստանալ նրա տվյալները։ Օրինակ` Եսայանի խոսքով, յուրաքանչյուր այցելու կարող է իր սեփական ծածկագիրն ունենալ, որը ստանալուց հետո միայն բժիշկը կարող է տվյալների բազա մուտք գործել։

Միաժամանակ, Եսայանը չգիտի` որքանով է հնարավոր առաջարկված համակարգի շրջանակում այդպիսի նորամուծություն անել։

32 ատամ. հայ ատամնաբույժները նշում են մասնագիտական տոնը

Ինչ վերաբերում է Armed–ին (այսպես է կոչվում նոր համակարգը) միանալու լրացուցիչ ծախսերին, ապա այդ հարցը հիմա արդեն քննարկվում է։ Ատամնաբույժներն ու բուժքույրերը չեն կարող անընդհատ համակարգչի դիմաց լինել` հիվանդի տվյալները լրացնելու համար։ Դա, իր հերթին, հենց համակարգիչ գնելու ու նոր աշխատակիցներ (օպերատորների կամ ադմինիստրատորների) վարձելու, համացանց անցկացնելու անհրաժեշտություն է ստեղծում։

Նա հույս ունի, որ ֆինանսական հարցերում կողմերը կկարողանան համաձայնության գալ, առողջապահության նախարարությունն արդեն հայտնել է, որ պատրաստ է քննարկումների։ Միաժամանակ, գլխավոր ատամնաբույժը նշում է, որ ատամնաբուժական ծառայությունների գները միանշանակ կաճեն մոտ 10-15%–ով։

Եսայանը համոզված է, որ ատամնաբուժական կլինիկաների 99%–ը, մասնավորապես, մարզերում պատրաստ չեն անցում կատարել, շատ գյուղերում պարզապես համացանց չկա։

Ընդհանուր առմամբ, մասնագետները կարծում են, որ նոր համակարգը խոցելի է, այդ թվում` անձնական տվյալների պաշտպանության հարցում. ցանկացած բժիշկ կարող է իր ID քարտի միջոցով միանալ ընդհանուր բազային ու այնտեղից իր գործընկեր ատամնաբույժների ու նրանց հաճախորդների մասին տեղեկություն ստանալ։

Կառավարության որոշումը դժգոհության ալիք է առաջացրել ատամնաբույժների շարքում։ Մարտի 5–ին մոտ 70 ատամնաբույժ Գյումրիում նորարարության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել։