Քրդերի համար հրատապ է Թուրքիայի դեմ մարտնչելը, արևմտյան կոալիցիան և ԻՊ-ը հանգստանում են

Պարզվում է` առանց քրդերի աջակցության արևմտյան կոալիցիան ոչնչի ընդունակ չէ։ Հենց նրանք են դա խոստովանում և ասում, որ «քրդերը» հեռացել են։ Սիրիական պատերազմում քրդական ջոկատների դերի ու նշանակության մասին է մտորում սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Sputnik

Սիրիայի հյուսիսում «ձիթենու ճյուղեր» գործողության շրջանակում Թուրքիայի ագրեսիան, որը Միացյալ Նահանգների կողմից միայն թեթև դատապարտման արժանացավ, շարունակում է անհանգստություն և անհարմարություններ պատճառել կոալիցիոն ուժերին։ Թեև, ով գիտի, գուցե դա լավ առիթ է դադարեցնել ահաբեկչության դեմ պայքարը` դա արդարացնելով «անհնազանդ» Թուրքիայի գործոնով։ 

Էրդողանի քաղաքական ինքնասպանությունը

Ամեն դեպքում Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբ Մենինգն արդեն հայտարարում է, որ «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված կազմակերպություն) գրոհայինների դեմ ուղղված գործողությունը դադարեցվել է, քանի որ ռազմական գործողություններին մասնակցած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական ջոկատները տեղափոխվել են երկրի հյուսիսում գտնվող Աֆրին` թուրքական բանակի դեմ կռվելու։

Ճիշտ է, միաժամանակ Մենինգը հայտնել է, որ ցամաքային գործողությունը կասեցվել է, սակայն կոալիցիոն ավիացիան շարունակում է ԻՊ դիրքերի վրա հարձակումներ գործել։ Նա անգամ գլուխ է գովել, թե նախորդ կիրակի Աբու Քամալի շրջանում ահաբեկիչների ուղղությամբ հարված է հասցվել։ Այս օրինակը բերվել է, որպեսզի տարակուսանք չառաջանա, թե եթե ռազմի դաշտից քրդերի հեռանալուց հետո կոալիցիան դադարեցնում է ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները, ապա այն իրականում գոյություն ունի՞, թե այնուամենայնիվ այդ կոալիցիա կոչվածը քրդերն են։

Պենտագոնի մեկ այլ ներկայացուցիչ` Էդրիան Ռենկին-Գաելոուեյը, դժվարացավ նշել Աֆրին մեկնած քրդերի հստակ թիվը և անկեղծորեն խոստովանեց, որ խնդիրներ կան։ «Քրդերն այլևս ԻՊ-ի դեմ չեն պատերազմում, այսինքն`նախկին արագությամբ գրոհայիններից տարածք չեն խլում», — պարզաբանեց նա`հասարակ կովբոյի անմիջականությամբ։
Իսկ մինչ բոլորի կողմից լքված կոալիցիան իր հակաահաբեկչական պայքարում դադար է վերցրել, Թուրքիան Աֆրինի մոտակայքում հևում է։ Եթե հավատանք Էրդողանին ու նրա վեզիրներին, որոնք ամեն օր հնչեցնում են հակառակորդ քրդերի զոհերի թիվը, ապա տպավորիչ թիվ է ստացվում։ Թիվն այնքան մեծ է, որ սկսում ես ակամա կասկածել` աշխարհում այդքան քուրդ չկա։ Կամ էլ թուրքերը հերթական ցեղասպանությունն են իրականացնում. դա նրանց համար միշտ էլ սովորական զբաղմունք է եղել։

Սիրիական քաղաքականության մեջ թուրքական հնարքները կարող են վերածվել «ռուսական ապտակի»

Սակայն ո՛չ Թուրքիայի վեզիրներին, ո՛չ էլ Էրդողանին չի կարելի վստահել` թեկուզ միայն այն պատճառով, որ խոսքը հենց Էրդողանի ու նրա վեզիների մասին է։ Եթե թուրքական բանակն իսկապես ամեն օր հայտարարածի չափ հակառակորդի ոչնչացներ, ապա պետք է արդեն Ասիայի միջով անցած լիներ ու թաիլանդական լողափերի մոտակայքում հայտնվեր։
Իսկ Թուրքիան մնացել է Աֆրինում ու դրա համար էլ հևում է ։ Միայն օրերս քրդերը հայտնեցին Սիրիայի Ռաջո քաղաքում 59 թուրք զինվորի մահվան մասին։ Հայտնում են նաև, որ ռազմական գործողություններն ամբողջ թափով շարունակվում են, ու քրդական ձևավորումները «ստիպված են պաշտպանել բնակչությանը թուրքական բանակի ու դրա դաշնակիցների հարձակումներից»։ Թուրքական բանակի «դաշնակիցները», եթե որևէ մեկը չգիտի դրա մասին, «Նուրեդդին ազ Զենգի» խմբավորումն է, որը վեջերս երեխայի էր մահապատժի ենթարկել` «Ասադի լրտեսության մեջ» կասկածանքով։ Ու նման թափթփուկներ։ Թուրքական բանակը միայն այդպիսի դաշնակիցներ կարող է ունենալ, ուրիշ ո՞վ պետք է նրանց դաշնակիցը դառնար։

Միաժամանակ Թուրքիան, ի դեմս դրա նախագահի, կարծես չի էլ փորձում համոզել այդ մարդասպաններին, օրինակ, մորուքները սափրել, որպեսզի այդքան էլ սարսափելի տեսք չունենան։ Կամ էլ փոխեն իրենց դրոշները երկու կամ եռագույնով, որպեսզի «քաղաքակիրթ աշխարհը» հանձին նրանց ճանաչեր յուրայիններին, հասկանար ու ներեր։ Բայց Թուրքիայի նախագահն արարողությունների ու կոսմետիկ միջոցառումների ժամանակը չունի։

Նա հիմա ավելի կարևոր հոգսեր ունի։ Հենց թեկուզ թուրքական բանակը, որը թեև զինված է մինչև ատամները, սակայն այդքան էլ մարտունակ չէ. Անգամ ամենաթանկարժեք տեխնիկան արժեք չունի, եթե բանակը վատ է կռվում, նաև ահաբեկիչ դաշնակիցներն այնքան էլ արդյունավետ չեն գործում, հարձակման ժամանակ լուրջ կորուստներ են ունենում, նրանց արագորեն հետ են շպրտում վերջերս գրաված բարձունքներից ու բնակավայրերից։ Առաջխաղացումը, ինչպես նշվեց, չնչին է, ծանր մարտերը գրեթե յուրաքանչյուր կիլոմետր հեռավորությամբ են ծավալվում։

Թուրքական զրահամեքենաները ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք

Իսկ այն հանգամանքը, որ Թուրքիան խրվել է Սիրիայում, բնականաբար, առանց հետևանքների չի մնա։ Թե ինչպիսին կլինեն այդ հետևանքները, կախված է նրանից, թե որքան խորն է այն «ճահիճը», որում Թուրքիան ինքնակամ հայտնվել է։
Մինչ այդ քրդերը, առողջ դատելով, առաջնահերթ են համարում Թուրքիայի դեմ կռվել իրենց ցեղակիցների կողմից` արևմտյան կոալիցիային և մինչև վերջ չջախջախված Իսլամական պետությանն առժամանակ հանգիստ թողնելով։ Քրդերին կարելի է հասկանալ, ցանկության դեպքում կոալիցիան վաղուց կարող էր ԻՊ-ի վերջը տալ, իսկ Թուրքիան լուրջ ու հրատապ խնդիր է։ Քրդերն այժմ քաղաքական «կոալիցիոն» սեթևեթանքի ժամանակ չունեն։