Թամարա Գվերձիթելին հայաստանյան համերգի ժամանակ հայկական երգեր կկատարի

Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերձիթելին իր հայ երկրպագուներին կուրախացնի յուրօրինակ մենահամերգով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ապրիլի 12-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ռուսաստանի (1991) և Վրաստանի (2004) ժողովրդական արտիստուհի, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերձիթելիի մենահամերգը «Վերադարձ» խորագրով։ Համերգը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Մաքսիմ Վենգերովն անմոռանալի համերգ պարգևեց Երևանին

Թամարա Գվերձիթելին սպասված և սիրված հյուր է Հայաստանում։ Նրա երգացանլկը հարուստ է վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական երգերով, որոնք ընդունել և սիրել է հայ հանդիսատեսը:

Երգչուհին հատուկ կարևորություն է տալիս համերգային գործունեությանը, և նրա համերգները միշտ առանձնանում են իմպրովիզացիոն յուրօրինակ հնարքներով:

Երգչուհու կապը Հայաստանի հետ միայն համերգային շրջագայություններով չի սահմանափակվում։ 1991 թվականին Թամարա Գվերձիթելին հրավիրվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Նա Լեգրանի հետ ելույթ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է հետևյալ խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվել են նաև հետագայում: 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերձիթելին ելույթ են ունեցել նաև մեծ բեմերում ՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով:

Վրացի երգչուհու երգացանկը նաև հարուստ է Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով: