Պանթյուրքիզմ 2023. Թուրքիան աչք է դրել Հալեպի և Նախիջևանի վրա

Թուրքիայի իշխանությունները` Էրդողանի գլխավորությամբ, հույս ունեն Սիրիայից, Իրաքից, Կիպրոսից և Բալկաններից մեծ հողակտորներ զավթել։ Նման կարծիքի է փորձագետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Թուրքիայի իշխանությունները հույս ունեն Նախիջևանի հաշվին ընդլայնել երկրի տարածքը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ ուժեղանում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, դա վտանգավոր է», — ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` մինչև 2023թ.-ն Էրդողանը ծրագրում է ստեղծել նոր Թուրքիա, աշխարհագրական առումով այն թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված (օրինակ` Milliyet-ի) քարտեզների գծագրմամբ ներառում է երկրի ոչ միայն ներկա տարածքները։

Իրականում. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները էլ ավելի են սրվելու

Սաֆրաստյանի խոսքով` այդ քարտոզներում Թուրքիայի տարածքում են ներառված Հյուսիսային Սիրիան (Հալեպի հետ), Իրաքի հյուսիսը (Մոսուլի և Կիրկուկի հետ), Հյուսիսային Կիպրոսը, Բալկանների մի մասը, Բաթումը։

«Տարածքային առումով նոր Թուրքիան, որի մասին երազում են Էրդողանը և նրա համախոհները, պետք է ավելի մեծ լինի։ Պատահական չէ, որ նա վերջերս հայտարարում է, թե երկրի ներկա տարածքը չի համապատասխանում իրական Թուրքիայի սահմաններին», — ասաց Սաֆրաստյանը։

Վերոհիշյալ տարածքներից բացի, այդ քարտեզներում Թուրքիայի կազմում է ներառված նաև Նախիջևանը։ Այդ տարածքի օգնությամբ Անկարան փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

Եթե դրան ավելացնենք Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի ստեղծման քննարկվող ծրագիրը, ապա չի կարելի բացառել, որ Անկարան Հարավային Կովկասում կդիմի ավելի ագրեսիվ գործողությունների։ Սրանում համոզված է զրուցակիցը։

«Հիմա դա չի լինի, քանի դեռ նրանք զբաղված են Սիրիայով, Մերձավոր Արևելքով։ Բայց չի կարելի բացառել, որ այդ ժամանակը կգա։ Եվ երբ ժամանակը հասունանա, ես համոզված եմ, որ Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա, որպեսզի սրի իրավիճակը և Թուրքիայի համար միջամտելու հնարավորություն ստեղծի», — ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` բոլոր այդ ծրագրերը կազմվում են այլ ժողովուրդների ներկայացուցիչների հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտի խորապատկերին։ Սաֆրաստյանը կարծում է, որ կրակի վրա յուղ է լցրել Թուրքիայի հասարակական ծառայությունների կայքում նոր հնարավորության ի հայտ գալը, որի օգնությամբ երկրի քաղաքացիները կարող են վերականգնել իրենց տոհմածառը։

Այստեղով թուրք է անցել. Աֆրինում թուրքերի վայրագությունները ցեղասպանություն են հիշեցնում

«Փաստ է, որ ժամանակակից Թուրքիայի բնակիչների զգալի մասը` ավելի քան 40 տոկոսը, իրեն թուրք չի համարում։ Այդ կայքը թույլ է տալիս համոզվել դրանում։ Թուրքական հասարակության համախմբման գործընթացը դեռ չի ավարտվել, առայժմ այն քոչվոր ցեղերից բաղկացած, ինչպես նաև տեղի նվաճված ժողովուրդներից կազմված խառնակույտ է», — ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` նման կայքի գործարկումը Թուրքիայում սրում է ռասիստական տրամադրությունները։ Հաշվի առնելով ձևափոխությունները, որոնք տեղի են ունենում իշխող կուսակցության վերնախավում` ի դեմս Էրդողանի, դա լուրջ անհանգստություն է առաջացնում։