Ինչու է «Ինչ կա»–ն տարածված ֆրանսիացիների շրջանում. հայկական խոհանոցի բումը Լիոնում

Աշխարհի ամենագաստրոնոմիական կենտրոններից մեկում` Լիոնում մեծ պահանջարկ է վայելում հայկական ազգային «Ինչ կա» ռեստորանը. հայկական ձևավորմամբ, հայկական եկեղեցիների լուսանկարներով, խաչքարերով ու ավանդական խոհանոցով։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Լիոնի կենտրոնում գտնվող «Ինչ կա» հայկական ռեստորանն արդեն տևական ժամանակ գրավում է ֆրանսիացիների սրտերը։ Ռեստորանը հիմնել է ֆրանսահայ Արմեն Բայանդուրյանը։ Բայանդուրյանները հաստատվել են Լիոնում 1929 թվականից։ Այն ժամանակվանից նրանք առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրի բիզնես ոլորտում։

«Մենք երկար էինք մտածում` ինչպես անվանել հաստատությունը, որ միանգամից գրավի, լինի աչքի ընկնող ու ֆրանսիացիների համար հիշվող։ Հատկապես, որ մենք բացում էին այդ ռեստորանը աշխարհի ամենագաստրոնոմիական կենտրոններից մեկում` Լիոնում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հաստատության սեփականատեր Արմեն Բայանդուրյանը։

«Ինչ կա» անվանումն առաջարկել է Բայանդուրյանի դուստրը, որը հոր հետքերով է գնացել ու միացել ընտանեկան բիզնեսին։

«Մի կողմից անվանումը զարմացնում է եվրոպացիներին, նրանք կանգ են առնում ռեստորանի առաջ, կարդում են անվանումը, մոտենում` հարցնում են մեզ` ինչ է նշանակում։ Իսկ հայերը, անվանումը տեսնելիս, առանց երկմտելու ներս են մտնում», — ասաց Բայանդուրյանը։

«Ինչ կա» հայկական ռեստորանը շատ հայտնի է Լիոնում

Ռեստորանի ճաշացանկում հայկական և լիբանանյան ուտեստներ կան։ Պատերին Հայաստանի բնապատկերներ են, եկեղեցիների, խաչքարերի նկարներ: Այստեղ կա նաև հայկական խոհանոցին նվիրված երկհատորյակ: Լիոնի հայերը հիմնականում Ցեղասպանությունից փախած հայերի հետնորդներ են կամ Լիբանանից տեղափոխվածները: Այդ պատճառով հայկական գրեթե յուրաքանչյուր ռեստորանում կարելի է լիբանանյան խոհանոցի ուտեստներ գտնել:

Ռեստորանի դիմաց «Բայանդուրյան» կոչվող խանութ կա, որտեղ ամբողջ աշխարհից, այդ թվում նաև Հայաստանից բերված մթերք կա:

Պահածոները, հայկական գինիները, մուրաբաները, տոլման շատ տարածված են ֆրանսիացիների շրջանում:

«Դու պետք է բոլոր հաճախորդներին գոհացնես, դրա համար խանութում ամեն տեսակ մթերք կա», — պարզաբանեց Բայանդուրյանը։

Խանութում ֆրանսիական գինու կողքին դրված են հայկական «Կարասը», «Արենին» և այլ գինիներ։ Ավանդական հայկական լավաշը, փախլավան ու տոլման հենց Լիոնում պատրաստում են հայ հրուշակագործն ու խոհարարը։

Խանութներում երկու տեսակի տոլմա են վաճառում` պահածոյացված և թարմ։ Պահածոյացված տարբերակը հարմար է, բայց նա, ով մեծ ընտանիք ունի (երկու հոգուց շատ), նախընտրում է կիլոգրամով գնել։

Բայանդուրյանը պարզաբանում է` ֆրանսիացիների մոտ տոլման միայն Հայաստանի հետ է ասոցացվում` չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումներին։