ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի ազգային կինոկենտրոնն այլևս ֆիլմեր չի արտադրելու։ Կազմակերպությունն այդ առաքելությունը հանձնել է ֆիլմարտադրող ընկերություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
«Աշխատանքային խմբեր կստեղծվեն, յուրաքանչյուրում 3-5 մարդ կընդգրկվի։ Տեխնիկական խումբը մշակելու է կինոկոնցեռնին ներկայացված ֆիլմարտադրության հայտերը, խորհուրդներ է տալու, թե ինչպես է պետք ճիշտ հայտ ներկայացնել և այլն», — ասաց Միրզախանյանը։
Այնուհետև հայտերը փոխանցվելու են գեղարվեստական հանձնաժողովին։ Յուրաքանչյուր ժանրային ուղղության համար առանձին ենթահանձնաժողով է գործելու։ Հանձնաժողովի (որի կազմում կլինեն մշակույթի, արվեստի և կինոյի ներկայացուցիչներ) անդամներն են ընտրելու իրենց նախագահին։
«Հայտերն ուսումնասիրության կներկայացվեն անանուն` առանց ռեժիսորների, սցենարիստների անունները նշելու։ Բոլոր այս բարեփոխումներն իրականացվում են թափանցիկությունն ապահովելու համար», — պարզաբանեց Միրզախանյանը։
Այս տարի կինոինդուստրիայի համար պետությունը 274 մլն դրամ է հատկացրել, որից 30%-ը կինեկոնցեռնը կհատկացնի դեբյուտային ֆիլմերի համար։ Հայաստանի մշակույթի նախարարության և կինոկոնցեռնի ղեկավարության համոզմամբ, հայրենական կինոարդյունաբերությունը երիտասարդ կադրերի կարիք ունի։ Հատկացրած գումարը թույլ կտա սատարել երիտասարդ ռեժիսորներին ու սցենարիստներին։
Ինչպե՞ս կփոխվի հայկական կինոն
Կինոկենտրոնն այլևս նախկինը չի լինի, դրա կազմում կընդգրկվեն նախագահը, երկու տեղակալներ և գեղարվեստական խորհուրդը։ Նրանց դերը կլինի Հայաստանում ֆիլմարտադրությանն աջակցելն ու այդ ոլորտի զարգացումը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանը։
«Կինոկենտրոնի նախագահի տեղակալներից մեկը պատասխանատու է լինելու տնտեսական մասի համար, կինոկոնցեռնի կազմի ձևավորման և այլնի համար։ Մյուսը` արտադրության և մարքեթինգի», — ասաց Բաղդասարյանը։
Գեղարվեստական խորհուրդը համալրված կլինի նաև արտաքին կապերի, աջակցման, բաշխման և ֆիլմի համատեղ արտադրության բաժիններով։
Արտաքին կապերի բաժնում կլինի երկու մասնագետ, որոնք ֆիլմերը կներկայացնեն դրսում, ինչպես նաև փառատոներ կկազմակերպեն։ Ֆիլմերի համատեղ արտադրության բաժինը կօգնի ռեժիսորներին նախագծերի իրականացման հարցում, պրոդյուսերներ և ֆինանսավորում կփնտրի։ Բաշխման բաժինը կզբաղվի կինոարտադրության ֆինանսական հարցերով, աջակցման բաժինը կօգնի տեղի կինոարտադրողներին։
Օտարերկրացի մասնագետներ կներգրավվեն
Կինոարդյունաբերության ոլորտում մեծ ուշադրություն է հատկացվելու կրթական ծրագրերին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Ժամանակ առ ժամանակ մենք օտարերկրացի մասնագետներ ենք հրավիրելու, որոնք կվերապատրաստեն մեր մասնագետներին 3-6 ամսվա ընթացքում, կախված մակարդակից», — ասաց Ամիրյանը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն ըստ արժանվույն կներկայացվի խոշոր կինոփառատոներում, այս տարի մասնավորապես խոսքը Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի մասին է։
«Մենք լավ էինք ներկայացել Կաննում անցյալ տարի, և ընթացիկ բարեփոխումները հաշվի առնելով, արժանի կերպով կներկայանանք նաև այս տարի», — ասաց նախարարը։
Նախարարն ընդգծեց, որ տարին բարեբեր կլինի, ապրիլի 13-ին երկիրը կտոնի հայկական առաջին ֆիլմի ստեղծման հոբելյանը։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կնշվի մեծ շուքով, ինչպես նաև 4 աստղ կբացվի Երևանում Շառլ Ազնավուրի հրապարակում։