Երևանում կնոջը կողոպտած երիտասարդին հսկել են տեսախցիկները. տեսանյութ

Փողոցում տեղադրված տեսախցիկները նկարահանել են երիտասարդին այն պահին, երբ նա գողացել է կնոջ դրամապանակը և դիմել փախուստի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. 2018 թվականի փետրվարի 15-ին կինն ահազանգել է ոստիկանություն և տեղեկացրել, որ նույն օրը` ժամը 17:35-ի սահմաններում, մի երիտասարդ Երևանի Գ.Լուսավորիչ և Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ բացահայտ հափշտակել է իր դրամապանակը և դիմել փախուստի։ Դրամապանակի մեջ, ըստ կնոջ հաղորդման, եղել է իր «Նոկիա» ապրանքանիշի բջջային հեռախոսը, նույնականացման քարտ և կանխիկ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Չկայացած գողություն. հանկարծակի հայտնված տանտերը դանակահարվել է, տեղափոխվել հիվանդանոց

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության, և հնարավոր է եղել հայտնաբերել տեսագրության այն հատվածը, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում փողոցով քայլող կանանց, նրանցից մեկի ձեռքից հափշտակում ինչ-որ իր և վազելով հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: