ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ռուս լրագրող, բլոգեր և լուսանկարիչ Իգոր Շիրյաևը պատմել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի զարմանահրաշ մարդակերպ կոթողների մասին։
«Դրանք միայն ալեհեր գագաթներով բարձր սարեր չեն։ Զարմանալի կերպով անկախ Արցախը (Լեռնային Ղարաբաղ) նաև մարգագետիններով տափաստան է։ Եվ ահա այստեղ, այդ մարգագետինների և տափաստանների մեջ մեզ անակնկալ էր սպասվում», – գրում է նա «Հետաքրքիր աշխարհ» առցանց պարբերականում։
Հեղինակը բացառիկ հուշարձանների գրական և գեղարվեստական իր վարկածներն է առաջարկում։ Դրանցից մեկի համաձայն` այս հուշարձանները «Արցախում ընկած հերոսների» հոգիներն են։
«Արցախյան ընկած հերոսների հոգիները չեն ցանկացել ողջ մնացածներին դաժան թշնամու հետ պայքարում մենակ թողնել, նրանք հայտնվել են ողջ մնացածների առաջ և ասել նրանց, որ մարտի դաշտը չեն լքի նույնիսկ մեռած ժամանակ։ Եվ այդժամ ողջ մնացածները քարերից կոթողներ են ստեղծել` զոհվածների հոգիների նոր մարմինները։ Որպեսզի զոհվածներն ավելի հեշտ կերպարանափոխվեն, այդ կոթողները տեղադրել են ընկածների գերեզմանների վրա։ Մահացածների հոգիները մտան իրենց նոր քարե մարմինների մեջ, ուս ուսի տվեցին, որպեսզի ողջ մնացածների հետ պաշտպանեն հայրենիքը զավթիչներից։ Քարե զինվորներն իրենց տեղից շարժվել չէին կարող, սակայն ամեն անգամ, երբ թշնամին մոտենում էր սահմանին, թեկուզ հեռվից կարողանում էր տեսնել Արցախի հզոր քարե զինվորներին, սարսափահար հետ էր քաշվում», – գրում է Իգոր Շիրյաևը։
Նրա խոսքով` մարդանման կոթողները, որոնք հայտնաբերել են Նոր Կարմիրավան գյուղի մոտ, բավական հին են` ենթադրաբար պատկանում են մ.թ.ա. VIII-VI դարին։
Նա նշում է, որ Ղարաբաղի հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել 2016 թվականին, դրանք շարունակվելու են: Գտածոների գիտական ուսումնասիրություն է անցկացվում։
«Ուշադրություն է գրավում այդ քարե կոթողների պահպանվածությունը։ Լավ պահպանված ասվածն, իհարկե, հարաբերական է, հաշվի առնելով այն, որ քանդակի տարիքը կարող է 2.5-3 հազարամյակի հասնել։ Այսօրվա դրությամբ Արցախում նման ավելի քան 30 մարդակերպ քանդակ են հայտնաբերել։ Այնպես որ, դա մի քանդակագործի պատահական աշխատանք չէ, այլ հնագույն Արցախի հոգևոր և նյութական մշակույթի մի մասը։ Այդ մշակույթը գոյություն ուներ դեռ այդ հողերում քրիստոնեության հաստատումից շատ առաջ։ Հավանաբար, այդ կոթողները զինվորներ էին պատկերում», – ընդգծում է նա։
Նրա խոսքով` գիտնականները ենթադրում են, որ կոթողները` հետմահու արձաններ են, ամենայն հավանականությամբ, հայտնի և արժանի մարդկանց հուշարձաններ` հաշվի առնելով քարի վրայի փորագրության աշխատատարությունը։
«Մեկ տեղում քանդակների կենտրոնացած լինելը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք տեղադրվել են կամ դամբարաններում, կամ պաշտամունքային կենտրոնում։ Մարդակերպ կոթողների լավ պահպանվածությունը վկայում է, որ այդ հողերում քրիստոնեության հաստատումից հետո ոչ ոք հատուկ այդ հեթանոսական կոթողները չի ավիրել։ Հին քարե պաշտպանները հեշտությամբ համադրվել են նոր կրոնի` քրիստոնեության հետ։ Այդքան մեծ էր Արցախի պաշտպանության և բարգավաճման համար զոհվածների նկատմամբ այն ժամանակ ապրող մարդկանց հարգանքը», – գրում է Շիրյաևը։
Հեղինակն ավելացնում է նաև, որ այդ հուշարձանները շատ արժեքավոր են պատմական և մշակութային առումով, քանի որ դրանք ոչ միայն լույս են սփռում ԼՂՀ հոգևոր կյանքի և ժողովրդի ավանդույթների վրա, այլև գեղեցիկ խաչքարների նախատիպն են եղել` ապացուցելով և ցույց տալով Արցախի հնագույն մշակույթի ժառանգականությունը։