Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան
Ռուսաստանից Հայաստանի ու Ադրբեջանի գնած զենքի ֆինանսական ծավալները համեմատելն անգամ ծիծաղելի չէ
Առաջին հայացքից պատժամիջոցները, որոնցով Միացյալ Նահանգները սպառնում է Ռուսաստանից զենք գնող երկրներին, կարող են շատ կտրուկ լինել, եթե չասենք պայթյունավտանգ այն ամենի համար, ինչն առնչվում է ղարաբաղյան կարգավորմանն ու բանակցային գործընթացին։
Ինքներդ դատեք` և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն իրենց բանակների համար հիմնականում ռուսական զենք են գնում։ Ու եթե Կապիտոլիումից հնչող սպառնալիքները կիրառվեն երկու երկրների նպատմամբ, ապա ինչ-որ պահի դա կխախտի հավասարակշռությունը, որը հաստատվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։
Չէ՞ որ ստեղծված իրավիճակին ծանոթ են բոլորը. նավթադոլարներ ունեցող Ադրբեջանը հսկայական քանակությամբ զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից։ Ադրբեջանի «պաշտպանության մենեջերները» հասել են նույնիսկ Չեխիա, Ուկրաինա ու Բելառուս։
Նավթադոլարներ չունեցող Հայաստանը չի կարող նման ծախսեր թույլ տալ։ Փոխարենն այն տարածաշրջանում Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն է, նաև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ լիարժեք ու լիիրավ անդամ է։ Ինչը իրավունք է տալիս մտածել, որ ռուսական զենք գնելիս Հայաստանը կարող է լուրջ զեղչեր ու արտոնություններ ստանալ։
Նախկին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանը մոտ տասը միլիարդ դոլար է ծախսել սպառազինության վրա։ Այդ թվում` 4 միլիարդ դոլար ռուսական սպառազինություն ձեռք բերելու համար, 4 միլիարդ դոլար` իսրայելական «Երկաթե գմբեթի» համար։ Եվ այլ փոքր ծախսեր։ Օրինակ` մի քանի անգամ 20 միլիոն է ծախսել Իսրայելից ԱԹՍ-ներ գնելու համար…
Թուրքիայից ու Պակիստանից սպառազինություն գնելու համար ծախսած գումնարների մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէ։ Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերներից հաճախ ու շատ է գնումներ արել։
Հայաստանն այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ երկու մեծ նպատակային վարկ է վերցրել (250 ու 100 միլիոնի), բայց դա բավարար չէ շփման գծում հավասարակշռությունը պահելու համար։
Աշխարհաքաղաքական շահերը միշտ ավելի կարևոր են ֆինանսական բաղադրիչից
Այս ամենից պարզ է դառնում, որ եթե ամերիկացիները երկու երկրների համար իսկույն փակեն Ռուսաստանում սպառազինություն գնելու հնարավորությունը, ապա այդ ժամանակ Բաքվին ոչինչ չի խանգարի, որպեսզի այդ ֆինանսական միջոցներով իսրայելցիներից սպառազինություն գնի։ Էլ չենք խոսում Թուրքիայի և Պակիստանի մասին։ Իսկ դա առաջին հերթին կնշանակի, որ Բաքվում անհաղթահարելի գայթակղություն կառաջանա` հերթական անգամ հավասարակշռության «ամրությունը» փորձելու համար, ինչպես եղավ 2016թ.-ին։
Արդյո՞ք արցախյան հակամարտության գոտում հնարավոր է իրավիճակի նման զարգացում։ Գլոբալ քաղաքական ասպարեզում ամերիկացիների գործողությունների տրամաբանությունից ելնելով` այո, քանի որ ԱՄՆ-ը հիմա բացահայտ հայտարարում է, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանին առավելագույն վնաս հասցնելն է։
«Այդ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ իր գործողությունների հետևանքները զգացնել տալն է, որպեսզի Ռուսաստանը հասկանա, թե ինչ կարող է լինել, եթե նա ներքաշվի ուրիշ երկրների ներքին գործերին և ոտնահարի մարդու իրավունքները։ Զրկելով երրորդ երկրներին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցության հնարավորությունից` մենք զրկում ենք ՌԴ-ին սպառազինությունների վաճառքից ունեցած եկամուտներից, որոնք նա կարող է օգտագործել բացասական ազդեցություն գործելու և իր ապակայունացման քարոզարշավը շարունակելու համար», — այդպես են ասում ԱՄՆ-ի դեսպանատները այն երկրներում, որոնք զենք են գնում Ռուսաստանից։
Այսինքն` ելնելով իրերի տրամաբանությունից` պետք է շարունակել հետևյալը։ Ռազմավարական գործընկերոջը զենք վաճառելու և դրա դիմաց շահույթ ստանալու ցանկացած հնարավորությունից զրկելու համար ամերիկացիները Հարավային Կովկասում ուղղակի կարող են փակել հակամարտող կողմերի «թթվածինը»։ Առավել ևս, որ այդ խիստ կարևոր, թեև փոքր տարածաշրջանի վրա ամերիկացիները վաղուց են աչք դրել։ Եվ առավել ևս, եթե այստեղ Ռուսաստանին վնասելու, նրա ազդեցությունը նվազեցնելու հնարավորություն կա։ Սակայն…
Հասկանալի է, որ ո՛չ տարածաշրջանային, ո՛չ գլոբալ քաղաքականությունում այսօր այդպես չեն վարվում։ Եվ որքան կարևոր լինի մրցակցի ֆինանսական շահույթը սահմանափակելու հնարավորությունը (սպառազինությունների վաճառքից), գոյություն ունեն ավելի կարևոր աշխարհաքաղաքական շահեր։
Արժե հիշել, որ 1990-ականների սկզբին և կեսերին ԱՄՆ-ը Հայաստանին ոչինչ չասաց, թեև երկիրն այն ժամանակ առևտուր էր իրականացնում Իրանի հետ։ Իսկ Իրանի նկատմամբ տնտեսական և առևտրային պատժամիջոցներ էին կիրառվում։
Սպառազինությունների շուկայում Հայաստանի դերը և առևտրի ծավալներն այդքան մեծ չեն
Հարավային Կովկասի հետ կապված աշխարհաքաղաքական շահերն ավելի կարևոր են, քան, ասենք, մի քանի միլիոն դոլարը, որոնք Ռուսաստանը կարող է ձեռք բերել Հայաստանին զենք վաճառելուց։ Չէ՞ որ ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ Հայաստանը, պատկերավոր ասած, դեմ գնալով «կրկնակի ամերիկյան պատժամիջոցներին», արդեն լիովին երես կթեքի Արևմուտքից։ Առավել ևս, որ այլընտրանք չունի ոչ միայն ֆինանսական, այլ նաև աշխարհագրական առումով։
Նաև հաշվի առնելով արևմտյան սահմաններին Թուրքիայի առկայությունը, իսկ արևելյան` Ադրբեջանի, հաշվի առնելով տրանսպորտային շրջափակումը (որն արդեն 30 տարի է` գոյություն ունի), ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, և, վերջապես, հաշվի առնելով այն, որ որքան էլ արևմտյան հատուկ ծառայությունները, դեսպանատները, դրամաշնորհային կազմակերպությունները փորձեն փոխարինել Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության «ռուսամետ» ուղղվածությունն «արևմտամետ» մտածողությամբ, նրանք մեծ հաջողությունների չեն հասնի։
Այդ ամենին պետք է ավելացնել նաև այն լուրջ ազդեցությունը, որն ունի ԱՄՆ-ի հայկական համայնքը, այն արդեն լուրջ ազդեցություն ունի քաղաքական շրջանակներում։ ANCA-ն (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը), օրինակ, ԱՄՆ-ի սենատին ուղղված բաց նամակում խնդրում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար օգնություն տրամադրել։
Նախատեսվում է, որ այդ գումարից 6 միլիոն դոլարը կհատկացվի Արցախի տարածքի ականազերծմանը և վերականգնմանը, 4 միլիոն դոլարը` հանրապետությունում խաղաղության աջակցությանը, 30 միլիոն դոլարը կտրամադրվի Հայաստանի տնտեսական, իսկ 10 միլիոնը` ռազմական օգնությանը։ Եվս 20 միլիոն դոլար կծախսվի Մերձավոր Արևելքից փախստականների հարցերի կարգավորման համար…
Իհարկե, կարելի է ենթադրել, որ Կոնգրեսում հարց կառաջանա այն մասին, որ Հայաստանի ռազմական օգնության համար նախատեսված 10 միլիոն դոլարը կարող է ծախսվել Ռուսաստանից զենք գնելու համար, որը պատժամիջոցների տակ է… Բայց դրանում ոչ մի տրամաբանություն չկա։
Նախ` ռազմական օգնությունը միայն սպառազինություն գնելը չէ։ Երկրորդ` 10-20 միլիոն դոլարը 100-250 միլիոն դոլար չէ, որը որպես վարկ տրամադրել է Ռուսաստանը։ Եվ այդ համատեքստում խոսքը չի գնա զենքի վաճառքի լուրջ զեղչերի մասին, որոնց հույսը միշտ ունեցել է Հայաստանը` ինչ-որ բան գնելով իր ռազմավարական դաշնակցից…
Այնպես որ չարժե լրջորեն մտածել այն մասին, թե ԱՄՆ-ը կարող է տարածաշրջանում Արևմուտքի շահերը հարվածի տակ դնել չնչին գումարների պատճառով, որը Հայաստանն ապահովում է Ռուսաստանի շուկային` այդ երկրից սպառազինություն գնելով։