Մի օր այդ օրը գալու էր։ Ճիշտ է, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու հենց հիմա ջրի երես դուրս եկավ գարշահոտ ճշմարտությունն ադրբեջանական դպրոցներում «հայրենասիրության» դասերի մասին, բայց մյուս կողմից` մի օր դա տեղի էր ունենալու։
Խոսքն ատելության իսկական դասերի մասին է, որոնք անցկացվում են Հայաստանից արևելք ընկած պետության դպրոցներում։ Այդ երեխաները դեռ մանկական թոթավանքի տարիքում են և դեռ զվարճալիորեն բառերն են աղավաղում, իսկ նրանց արդեն սովորեցնում են ատել հայերին և պատրաստ լինել «թշնամուն» ոչնչացնելուն։ Մանկական անմեղ հոգիները ներծծվում են մեծ ատելությամբ, որը նրանց ներարկում են մեծահասակները։
Այդ մեծահասակները խաղում են իրենց երկրի ապագայի հետ։ Բարոյական հասարակությունը չի կարող զարգանալ, հետևաբար երկար գոյատևել նման պայմաններում։ Նացիստական Գերմանիան դրա վառ օրինակն է (իհարկե, այն իր հզորությամբ չի համեմատվի Կասպից ծովից նավթ քաշող Ադրբեջանի հետ)։ Իր ամբողջ հզորությամբ հանդերձ` Երրորդ ռեյխի գոյությունն ընդամենը մի ակնթարթ էր, և այդ ակնթարթի ընթացքում նացիստները, նախքան ջախջախվելը, հասցրեցին չլսված չարագործություններ անել ամբողջ մարդկության դեմ։
Ի դեպ, Նյուրնբերգում նացիստական պարագլուխներին դատել են, այդ թվում` սեփական երիտասարդության շարքում այլատյացություն և ռասիզմ սերմանելու համար։ Հենց նրա համար, ինչով հիմա զբաղվում են Ադրբեջանում։ Թվում էր, թե նյուրնբերգյան դատավարությունն այլևս երբեք չի կրկնվի, բայց հիմա` 21-րդ դարում, այն կրկնվելու բոլոր հնարավորություններն ունի։
Դասարանում կանգնած են հրաշամանուկները` լուսավոր, ինչպես աշխարհի բոլոր երեխաները և լարովի մարդուկների նման ուսուցչուհու հետևից կրկնում են հրեշավոր խոսքեր, որ հայերը թշնամիներ են, որ նրանք սպանել են մեր բոլոր (բոլո՛ր) զինվորներին… Լավ, բոլոր ադրբեջանցի զինվորներին սպանելու մասին պնդումը վերագրենք մանկական անմիջականությանը։
Լեզուդ էլ չի պտտվում, որ մեղադրես ուսուցչուհուն։ Հապա փորձիր չենթարկվել բռնատիրական պետության գաղափարախոսության մասին պարտայգենոսեի (գերմաներենից թարգմանած` կուսակցական ընկեր) պահանջներին, որը պատված է նացիզմի և այլատյացության բարդագույն մետաստազներով` դրանց ուղղակի իմաստով։ Ուսուցչուհին նույնպես ցանկանում է ապրել, եթե նա նման «դասեր» չանցկացնի, սարսափելի բան կպատահի, նրա տոհմածառում կսկսեն հայկական արմատներ որոնել, և ամենահետաքրքիրն այն է, որ անպայման կգտնեն։ Այսօրվա Ադրբեջանում դա հավասարազոր է մահապատժի։
Ադրբեջանցի պատմաբան Սամիր Ախունդովը, դիտարկելով երկրում դպրոցական ուսուցման հարցը, ասում է. «Երեխայի գիտակցության մեջ այդպես ձևավորվում է զոհի պատկերը։ Եվ զուգահեռ աստիճանաբար պարզորոշ է դառնում թշնամու կերպարը, որն ամեն տարի կլրացվի սարսափելի դիմագծերով։ Սովորողները պետք է հասկանան, որ հայերի թշնամական քաղաքականությունը դարեր է տևել, այժմ էլ կա և հետագայում կշարունակվի»։
Ախունդովը մեջբերում է կատարում հանրակրթական դպրոցի 11-րդ դասարանի ադրբեջանական դասագրքից։ Խոսքը 1930-ականներին ԽՍՀՄ-ում բռնաճնշումների մասին է։ Ահա այն. «Զանգվածային բռնաճնշումների իրականացման գործում հատուկ դեր են ունեցել Սումբատով-Տոպուրիձեն, Գրիգորյանը, Մարգարյանը, Մալյանը և ուրիշ հայեր, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել ներքին գործերի մարմիններում և թուրքերի գենետիկ թշնամիներն են»։
Գենետիկ, հասկանո՞ւմ եք։ Այսինքն` երիտասարդ սերունդը դպրոցից դուրս է գալիս այն համոզմունքով, որ ցանկացած հայ իր «գենետիկ թշնամին» է։ Դա այն դեպքում, երբ հայկական դպրոցում նման բան չկա, և հայրենասիրական դաստիարակությունն անցկացվում է բացարձակ այլ սկզբունքներով և թեմաներով, որոնք շատ հեռու են ադրբեջանականից։
«Երկու րոպե տևող ատելության քարոզչության մեջ ամենասարսափելին ոչ թե այն է, որ յուրաքանչյուրը ստիպված էր ձևացնել, այլ, հակառակը, որ անհնար է խուսափել դրա մասնակիցը լինելուց։ 30 վայրկյան անց արդեն ձևացնելու հարկ չկար», — սա գրվել է 70 տարի առաջ` ֆաշիզմի ջախջախումից հետո։ Մեջբերում է Ջորջ Օրուելի «1984» վեպից։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այսպես է մեկնաբանել այդ հրեշավոր տեսահոլովակները. «Երբ երեխաներին արդեն այդ տարիքում վարժեցնում են այլատյացության և հայատյացության, պարզ է դառնում, որ այդ պետության ապագան մեծ հարցականի տակ է։ Նման մթնոլորտում երկիրը չի կարող զարգանալ։ Ի վերջո, այդ ատելությունը քայքայում է պետության բարոյահոգեբանական համակարգը, խարխլում դրա հիմքերը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է այս միջադեպին ամենայն լրջությամբ վերաբերվի»։
Ամեն ինչ ճիշտ է։ Եթե ուզում ենք, որ միջազգային հանրությունն «ամենայն լրջությամբ» վերաբերվի դրան, պետք է, որպեսզի նա իմանա այդ մասին։ Եվ նման տեսանյութերը պետք է ներկայացվեն այդ հանրությանը ոչ թե առանձին նախաձեռնող մասնավոր անձանց կողմից, այլ հայոց պետության պաշտոնական կառույցների։
Որոշ ադրբեջանցի մեծահասակներ միայն դրա համար արժանի են նոր «նյուրնբերգյան դատավարության»։ Եվ պետք է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի այդ դատավարությունը կայանա, և ամենահետաքրքիրն այն է, որ դա պետք է անգամ ոչ թե Հայաստանին, այլ առաջին հերթին հենց Ադրբեջանին` հանուն ադրբեջանցի երեխաների։
Չեք հավատում` հարցրեք գերմանացիներին։ Եվ նայեք հետպատերազմական Գերմանիային։ Ահա և պատասխանը։