«Կատաղած ցուլը» հայ բռնցքամարտիկներին կօգնի ռինգ դուրս գալ ԱՄՆ–ում

Վիկ Դարչինյանը կօգնի բոլոր այն բռնցքամարտիկներին, որոնք պրոֆեսիոնալ աճի կարիք ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, չեմպիոնական մի շարք տիտղոսներ նվաճած Վախթանգ Դարչինյանը պրոմոութերական ընկերություն կբացի և հայ բռնցքամարտիկներին կօգնի դուրս գալ համաշխարհային հարթակ։ Այս մասին նա այսօր հայտարարեց Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Հայաստանում մեծ ներուժ կա, բայց չկան համապատասխան պայմաններ: Նրանց սպարինգ մրցակիցներ են պետք, հատկապես մեքսիկացիներ»,- ասաց Դարչինյանը:

Բռնցքամարտիկի խոսքով` իր պրոմոութերական ընկերությունը հնարավորություն կտա սկսնակներին, ոչ թե արդեն պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացրած մարզիկներին:

«Մենք այստեղ չունենք պրոմոութերական կազմակերպություն, որը մեր մարզիկների համար ճանապարհ կբացի դեպի համաշխարհային պրոֆեսիոնալ ռինգ: Ես հայաստանցի բռնցքամարտիկներին կտամ այդ հնարավորությունը, որ իրենց ուժերը փորձեն, այստեղ մարզվեն, իսկ վերջին փուլն ԱՄՆ-ում պատրաստվեն»,- ասաց նա:

Դարչինյանն ուզում է իր հնարավորություններն ու անունն օգտագործել հայ բռնցքամարտիկներին օգնելու համար:

Վիկ Դարչինյանը զարմացրել է երկրպագուներին. ինչո՞վ է մտադիր նա փոխարինել ռինգը

«Ես պակաս անուն չունեմ դրսում, հուսամ՝ այն կօգնի, որ և՛ լավ մենամարտեր կազմակերպենք, և՛ հեռուստաընկերություններին գրավենք։ Երբ իմանան, որ հեռարձակելու են Վիկ Դարչինյանի մարզիկին, կարծում եմ՝ սիրով կաշխատեն մեզ հետ: Ես հնարավորություն կստեղծեմ մեր մարզիկների համար, որ ավելի շատ սպարինգներ ունենան դրսի բռնցքամարտիկների հետ, լավ փորձ ձեռք բերեն»,- ընդգծեց նա։

Դարչինյանը դեռ 2007 թվականին ավարտել է մարզական կարիերան, բայց երբ իմացել է, որ Եվգենի Գրադովիչը ցանկանում է նրա հետ մենամարտել, համաձայնել է, քանի որ նա ունի գոտի և գործող աշխարհի չեմպիոնն է:

«Ես իմ մարզական կարիերայում 9 գոտի եմ նվաճել, և ցանկալի կլիներ, որ գոտիներիս քանակը հասցնեի 10-ի, հետո նոր հեռանայի ռինգից: Այս ընթացքում անցկացրել եմ մեկ մենամարտ, որը գոտու համար չէր: Ստացվեց շատ լավ մենամարտ: Այն ուղարկեցի Մոսկվա, նայեցին: Այդ ձայնագրությունը տեսնելուց հետո դեռ լռում են, մտածում են: Եթե համաձայնեն, սիրով կանցկացնեմ կյանքի վերջին մենամարտը: Իսկ եթե հրաժարվեն, այլևս մենամարտ չեմ ունենա»,- ասաց հանրահայտ բռնցքամարտիկը։

Վանաձորցի Վիկ Դարչինյանն իր կարիերայի ընթացքում 52 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 43-ն ավարտվել է հայ մարզիկի հաղթանակով։ Նա IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն է, IBF, WBA և WBC վարկածներով ամենաթեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն։