Շերն ու ավստրալիական նահանգի վարչապետը հայերեն են շփվել Սիդնեյում

Համաշխարհային աստղ Շերն ու Նոր Հարավային Ուելսի վարչապետը հայերեն են խոսել և սելֆի արել Ավստրալիայի վարչապետի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ամերիկահայ երգչուհի, դերասանուհի, կինոռեժիսոր և պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյանը) Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեյդիս Բերեջիկյանին հայերեն է ողջունել։ Այս մասին հայտնում է The Australian-ը։

Նրանք հանդիպել են Սիդնեյում անցկացվող «Մարդի Գրա» ամենամյա ԼՀԲՏ համայնքի փառատոնում։

«Ինչպե՞ս ես»,- հայերենով հարցրել է Շերը Բերեջիկյանին։ Հետո կանայք մոտ 10 րոպե զրուցել են։

Նրանք նաև սելֆի են արել Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թյորնբուլի հետ։

Լեգենդար Շերի անունը հայտնվել է աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում

Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերունդն է և ավստրալահայ առաջին գործիչը, որ զբաղեցրել է նահանգային վարչապետի պաշտոնը։

Շերը հայտնի փոփ-երգչուհի է, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր։ Նրան հաճախ կոչում են «Փոփի աստվածուհի»: Շահել է մեկ «Օսկար», մեկ «Գրեմմի», մեկ «Էմմի», երեք «Ոսկե Գլոբուս» և մի շարք այլ մրցանակներ։ Շերն ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։