Սառույցը շարժվում է. Հայաստան–Իրան երկաթուղու հարցը քննարկվել է չինական կողմի հետ

Չինական ընկերությունը քննարկումների դրական ընթացքի ավարտից հետո պատրաստ կլինի կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունել է Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինին: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Կկառուցվի՞, թե՞ ոչ Հայաստան-Իրան երկաթուղին. կառավարության պատասխանը

Ընկերությունը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով և կառուցմամբ:

Ցզյան Այմինը նշել է, որ Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի և պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկելու Չինաստանի առևտրի նախարարության հետ:

Ցզյան Այմինն իր հերթին ավելացրել է, որ քննարկումների դրական ընթացքի ավարտից հետո պատրաստ կլինեն կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա անելիքների ժամանակացույցի շուրջ:

Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրի մասին առաջին անգամ հայտարարվեց 2008թ-ին:

Ծրագրի բյուջեն գնահատվեց նախ 2,2 միլիարդ դոլար, ապա՝ 2017-ին այն վերահաշվարկվեց 3.2 միլիարդ դոլար:

2013 թ․-ին հայտարարվեց, որ ծրագրի կոնցեսիոն կառավարիչն է «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը, որը պարտավորվել է ոչ միայն կազմակերպել շինարարությունը, այլև ներդրումներ հայթայթել:

2014 թ. փետրվարին «Ռոսիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին Երևանում հայտարարեց, որ Հայաստանի հարավային` 304.7 կմ երկարությամբ երկաթուղու շինարարությունը պետք է մեկնարկի 2016 թ-ին և տևի 6 տարի` մինչև 2022 թվականը: Երկաթուղու շինարարությունն առ այսօր չի սկսվել։