Հայաստանում կամրագրեն ազգային փոքրամասնությունների իրավունքները

Տեղի է ունեցել հանրային քննարկում «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մարտի 2-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչի՞ համար են եզդիները շնորհակալ հայերին, և ինչո՞ւ է Հայաստանը նրանց հայրենի տունը

Նախարարի տեղակալ Քոչարյանը, հանդիպմանը ներկա ազգային փոքրամասնությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները, ընդգծել է, որ օրենքն ուղղված է համակարգված ձևով ամրագրելու ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները և դրա ընդունումը բխում է նոր Սահմանադրության պահանջից:

Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակն է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հիմնական իրավունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները դրանց իրականացման ապահովման գործում, ինչպես նաև կազմավորել ազգային փոքրամասնություններին հուզող հարցերի քննարկման խորհրդակցական մարմին։

Այնուհետև փոխնախարար Քոչարյանը պատասխանել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերին, մանրամասն մեկնաբանել է օրենքի նախագծի առանձին դրույթները, այդ թվում՝ խորհրդակցական մարմնի ձևավորման կարգի և կարգավիճակի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ Վիգեն Քոչարյանը կարևորել է օրենքի նախագծի վերաբերյալ ազգային փոքրամասնությունների կարծիքներն ու առաջարկները և հորդորել նրանց ներկայացնել առաջարկներ` իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում ներկայացված նախագծի վերաբերյալ: