300 մահաքանդակ` 45 տարում. գյումրեցի Մերկուրովը պատիվ ուներ ստեղծելու Լենինի մահաքանդակը

«Սա Հայաստանն է» նախագծի հերթական թողարկման մեջ հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը պատմում են սովետական դարաշրջանի ամենավառ քանդակագործներից մեկի` Սերգեյ Մերկուրովի մասին։
Sputnik

Մերկուրովն իր նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում (Գյումրի), ապա` Նախիջևանում և Թբիլիսիում։ 1901թ.–ին նա ընդունվում է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այստեղ նա ծանոթանում է սովետական գաղափարախոսության հետ։ Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ նրան ոստիկանները ծեծում են։ Մերկուրովի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։ Նա չի հաճախում ինստիտուտ և դուրս է մնում։ Բայց մեկ տարի անց ընդունվում է Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Այստեղ նա Ադոլֆ Մեյերայից ստանում է քանդակագործության առաջին դասերը։ 1903–ին արդեն Մերկուրովն ընդունվում է Մյունխենի նկարչական ակադեմիա։

Ժամանակին Երևանում կար հայտնի քանդակագործի աշխատանքներից 3–ը` Լենինի հուշարձանը Երևանի գլխավոր հրապարակում, Ստալինի արձանը` Հաղթանակի զբոսայգում և Ստեփան Շահումյանի արձանը նույնանուն հրապարակում։ Այսօր կանգուն է միայն Շահումյանի արձանը։

Սերգեյ Մերկուրովը 300–ից ավելի մահադիմակ է արել ընդամենը 45 տարում` նկարիչներ, գրողներ, պետական ու ռազմական գործիչներ։

Ավելի քան 300 մահադիմակի մեջ ընդամենը 2 հայկական անուն` Խրիմյան Հայրիկ և Հովհաննես Թումանյան։

1907 թ.–ին Սուրբ Էջմիածնում իր մահկանացուն է կնքում Խրիմյան Հայրիկը։ Մերկուրովին, որն այն ժամանակ Թբիլիսիում էր բնակվում, հրավիրում են Էջմիածին` կաթողիկոսի մահադիմակն անելու համար։ Նա Էջմիածնում է, վանականները հեռանում են սենյակից նրանց թողնելով դեմ հանդիման` մեկն արդեն հայտնի ու կնքած իր մահկանացուն, մյուսը` տակավին ողջ, տակավին անհայտ, բայց որը հետագայում պիտի հայտնի դառնար։ Այս դիմակն իր կյանքում առաջինն էր, Մերկուրովն այդ ժամանակ 26 տարեկան էր։ 3 տարի անց մահանում է Լև Տոլստոյը։ Մերկուրովի կյանքում սկսվում է մահադիմակների «շքերթը»։ Ապա իր մահկանացուն է կնքում Լենինը։ Նրա մահաքանդակն անելու պատիվն էլ է Մերկուրովին բաժին հասնում։

1984 թ.–ին Գյումրիում բացվեց Մերկուրովի տուն–թանգարանը, որտեղ հավաքվեց վարպետի կողմից արված մահաքանդակների մի ամբողջ շարք` 70–ից ավելի մահաքանդակ։