Հակաահաբեկիչ Գոռ Վարդանյանը խոսել է Ավագանու նիստի «գարշահոտ» կռվի մասին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց պատմությունն ահաբեկչություն էր, վստահեցնում է հանրահայտ դերասան և կարատեիստ Գոռ Վարդանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից իրականացված գործողությունը, միանշանակ, ահաբեկչության փորձ էր Տարոն Մարգարյանի դեմ։ Aysor.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է մասնագիտությամբ հակաահաբեկիչ Գոռ Վարդանյանը, որը նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականն է։

Ո՞վ կդատապարտվի Երևանի ավագանու անդամին ծեծելու համար

Նա նշել է, որ որպես հակաահաբեկչության մասնագետ` մասամբ կանխել է ահաբեկչությունը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին հեռացնելով դահլիճից։

«Դժվարությամբ, բայց հեռացրեցի», — ասել է Վարդանյանը։

Դերասանը նշել է, որ կանայք սկզբում հագել են դիմակներն ու ռետինե ձեռնոցները, և առաջին հայացքից այդ արարողությունը վկայել է, որ նրանք ինչ-որ արտասովոր միջոցառում են անցկացնելու, ինչը վտանգ է ներկայացնելու մյուսների համար։

«Սա տեխնիկական ահաբեկչություն է»,- նշել է Վարդանյանը։

Քաղաքապետի խորհրդականի խոսքով` ինքը կանանցից 3-4 մետր հեռավորության վրա է եղել և հոտի ազդեցության տակ գլխապտույտ է ունեցել, աչքերից արցունք է հոսել։

«Տարօրինակ հոտ էր։ Անհասկանալի էր, թե ինչ պարունակում։ Դա գուցե կոյուղու ջուր էր, բայց վստահ եմ, որ դրա մեջ քիմիական էլեմենտներ էին ավելացվել»,- նշել է Վարդանյանը։