Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ ցուցմունք է տվել Անդրեյ Մալախովը

Հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը Քննչական կոմիտեում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանոկսվկայայի դեմ ցուցմունք է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հանրահայտ հաղորդավար Անդրեյ Մալախովին կանչել են Քննչական կոմիտե, և նա ցուցմունք է տվել, որ հենց Վիտալինան է հեռուստաեթերի համար տեսանյութեր բերել ` դրա դիմաց ստանալով պարգևատրում։ «Կոմսոմոլսկայա պրավդային» այդ մասին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ընկերը` բժիշկ-իմունոլոգ Արամ Հակոբյանը։

Բժիշկը բնակվում է Ավստրալիայում, բայց ուշադիր հետևում է ընկերոջ դրամատիկ պատմության ընթացքին։ Նա համոզված է, որ Վիտալինան նախօրոք է պատրաստվել դերասանի հետ ամուսնալուծությանը։

«Ես որոշել եմ ցուցմունք տալ քննիչին, որը վարում է Վիտալինայի դեմ հարուցված քրեական գործը։ Նա դեռ երեք տարի առաջ էր ինձ ուղարկել Արմեն Բորիսովիչի ընտանեկան թաքուն տեսանյութը։ Այդ երեք տեսանյութերը ես պահպանել եմ», — ասել է դերասանի ընկերը։

Նրա խոսքով՝ Վիտալինան շարունակում է հերքել, որ ինքն է Առաջին ալիքի լրագրողներին փոխանցել անձնական արխիվի տեսանյութերը։ Հակոբյանը պնդում է նաև, որ Վիտալինան թոք շոուներին գնում է այնպես, ինչպես մարդիկ աշխատանքի են գնում, և նրան սովորեցրել են` ինչպես պահի իրեն, ինչպես հետ մղի հարձակումները։

Ջիգարխանյանի միլիոնները. ինչպես է Վիտալինան բնակարանի հետ կապված խարդախություն արել

Ժողովրդական արտիստի հետ կապված աղմկահարույց պատմությունը ծագել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Սկզբում լուրեր պտտվեցին, թե անհայտ անձինք Ջիգարխանյանին առևանգել են, հետո պարզվեց, որ նա հիվանդանոցում է։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։

Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։