Մեդվեդևա–Բաբասյան vs Զագիտովա. հարցումը ցույց է տվել` ով է ավելի հիացրել երկրպագուներին

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) սոցհարցումների տվյալներով` օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի ելույթները հիացրել են Ռուսաստանի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի բնակիչներին ավելի է հիացրել։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման արդյունքները։

Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևել է հարցվածների 69%-ը։ Հարցումն անցկացվել է ռուսաստանցիների շրջանում 2018 թվականի փետրվարի 26-27-ը, հարցմանը 2000 մարդ է մասնակցել։

«Հայրս հայ է, որևէ մեկն ինձ արյուն չի ներարկել». Եվգենյա Մեդվեդևան` իր արմատների մասին

18-ամյա մարզիկի օգտին է խոսել հարցվածների ձայների 37%-ը։ 2018 թվականի խաղերի ժամանակ, որոնք անցկացվել են փետրվարի 9-15-ը, Մեդվեդևան երկու արծաթ է նվաճել (մենասահք և թիմային մրցումներ)։ Ռուսաստանցիների 33%-ից ավելին հպարտություն է զգացել օլիմպիադայի եզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականի հետ խաղում ռուս հոկեյիստների հաղթանակից (4:3)։

Ռուսաստանի բնակիչները նաև հիացել են Փհենչհանում ոսկի և արծաթ նվաճած գեղասահորդուհի Ալինա Զագիտովայի (27%), ինչպես նաև երեք արծաթ և մեկ բրոնզ նվաճած դահուկորդ Ալեքսանդր Բոլշունովի (8%) ելույթներով։

Գեղասահքի սիրահարները հարցման լեգիտիմությանը վերաբերյալ կասկած են հայտնել։ Ոմանք պնդել են, որ ոսկե մեդալակիրը պետք է ժողովրդի սիրուն ավելի շատ արժանանար, ոմանք քննադատել են երկրպագուների պահվածքը` անհարիր համարելով տաղանդավոր գեղասահորդուհիների վերաբերյալ վեճը։

«Երկրպագուներին պատիվ չի բերում աղջիկներին համեմատելը։ Երկուսն էլ հերոսներ են», — ասել է Ավգուստա Տիմոֆեևնան։

Մեդվեդևայի երկրպագուները պաշտպանել են աղջկան, երբ հարցման մեկնաբանություններում սկսել են բացասական և վիրավորական արտահայտություններ հնչել։

«Իհարկե Ժենյան մեծ տպավորություն է թողել։ Նրա պատմությունը հարուստ է հաղթահարումների, հաղթանակների, վնասվածքների, Օլիմպիական խաղերից 2 ամիս առաջ գիպսը հանելու դրվագներով, նա մաքուր է սահել կամավոր ծրագրում, հետո եղան արցունքներ, նա ամբողջությամբ էր տրվել գործին։ Արժանի ձևով արձագանքեց պարտությանը, որն անմիջապես առանձնակի նշեց նաև հանդիսատեսը, ինչպես նաև օտարերկրյա մարզիկներից շատերը, ներառյալ` Աշխարհի առաջնության և Օլիմպիական չեմպիոնները», — Մեդվեդևայի նկատմամբ ունեցած սերը բացատրել է conefor օգտատերը։

ՀԿՈՒՀԿ-ի մամուլի թողարկման մեջ ներկայացվել են նաև ատլետների հիշատակության վարկանիշները։ Դրանց համաձայն` Եվգենյա Մեդվեդևան գլխավորել է ցուցակը։ Նրա անունը հիշատակել է ավելի քան 190 հազար անգամ։