Ի՞նչ հարցեր են քննարկել Հայաստանի ու Վրաստանի վարչապետները փակ դռների հետևում

Տնտեսական երկկողմ կապերից մինչև Վրաստանում հայկական մշակույթի պահպանություն. Հայաստանի և Վրաստանի առանձնազրույցի որոշ մանրամասներ հայտնի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր վրացի պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլու հետ այսօր կեսօրին ունեցած առանձնազրույցից հետո հայտնել է, որ փակ դռների հետևում կայացած հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են` երկկողմ հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, վերջին տարիներին այդ հարաբերություններում կա առաջընթաց:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ 2017թ-ին Հայաստանի և Վրաստանի միջև արձանագրվել է ապրանքաշրջանառության 33 տոկոսանոց աճ:

Հայ և վրացի վարչապետները բանակցություններից դուրս եկան լավ տրամադրությամբ

Վարչապետ Կարապետյանն էլ, կարևորելով անցած տարվա ընթացքում Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը՝ ընդգծել է, որ պետք է ակտիվ աշխատել և´ երկկողմ, և´ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ արդյունավետ գործակցությունը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի գործարար միջավայրի համար արտոնյալ ռեժիմներից օգտվելու հնարավորություն է ընձեռում, և դա կարող է հետաքրքիր լինել նաև Վրաստանի բիզնես հանրության համար:

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ 2017 թ. Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 7.5 տոկոս, արտահանման աճը՝ 25.2 տոկոս, ներմուծման աճը շուրջ 28 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ շուրջ 29 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.6 տոկոս, ծառայությունների աճը՝ շուրջ 15 տոկոս: 

Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների և տնտեսական աճի համար՝ նշելով, որ Վրաստանի համար կարևոր է հարևան և բարեկամ երկրի զարգացումն ու առաջընթացը:

Վրաստանի վարչապետն արդեն Հայաստանում է. նրան դիմավորել է Հայաստանի իր գործընկերը

Կվիրիկաշվիլին ասել է, որ Վրաստանը ևս հետաքրքրված է վարչապետ Կարապետյանի նշած արտոնյալ ռեժիմների ուսումնասիրության և առկա հնարավորությունների վերաբերյալ վրաց գործարարներին իրազեկելու հարցում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև առողջապահության, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների մշակման, կիբեռանվտանգության ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և նշված հարցերի մանրամասն քննարկումը հաջորդ նիստի շրջանակում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայկական մշակութային ժառանգության, մասնավորապես, Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի ամրացման ու վերանորոգման աշխատանքների համար:

Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ հայրենակիցների հետ առկա բարեկամության և համագործակցության պատմությամբ, ովքեր դարերի ընթացքում հսկայական ներդրում են ունեցել Վրաստանի զարգացման գործում: