ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանի հարկային և մաքսային ծառայությունները 2017 թվականին մոտ 1 տրիլիոն 201 մլրդ դրամ են հավաքել։ Լրագրողներին այս մասին հայտնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը։
Այս ցուցանիշը 11,6%-ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։
Միևնույն ժամանակ հարկային ծառայությունն այժմ ԱԱՀ-ի և շահութահարկի գերավճար չի գանձում, որոնք պետք է հետագայում վերադարձնի։
Աճ է արձանագրվել նաև 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում մոտ 184 մլրդ դրամ է հավաքվել կամ 11,7%-ով ավելի, քան 2017 թվականի նույն ամիսների ընթացքում։
Միջին և խոշոր հարկատուներից (տարեկան 115 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող) գանձվող վճարները աճել են 10,4%-ով, փոքր հարկատուներից` մոտ 20%-ով։
Բրուտյանը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ ավելի շատ հարկ է գանձվել (գանձվում), քան ակնկալվում էր տնտեսության աճից և օրենսդրության բարեփոխումներից։ Նրա խոսքով` նշանակում է, որ խիստ վարչարարությունն իր գործն արել է։
«Այնուամենայնիվ, «ստվերի» վերացման աշխատանքները շարունակվում են»,-ավելացրեց Բրուտյանը։
Տարբեր գնահատականների համաձայն` միջին և խոշոր հարկատուների հարկերի (այս կամ այն ծավալներով) չվճարման ռիսկերը կապված են շրջանառության 15-20%-ի հետ։ Իսկ փոքր բիզնեսի պարագայում ստվերային ռիսկեր կան շրջանառության 50%-ի դեպքում։
Իհարկե, խոշոր հարկատուների դեպքում 15-20%-ը շատ ավելի է, քան փոքրերի 50%-ը (միջին և խոշոր բիզնեսը ապահովում է բյուջեի եկամուտների մոտ 80%-ը)։
«Այդ պատճառով հարկահավաքման տեսանկյունից մեզ ավելի շատ մտահոգում է խոշոր բիզնեսի ստվերը։ Իսկ փոքր բիզնեսում ստվերի դեմ պետք է պայքարել հավասար մրցակցություն ապահովելու համար», — ավելացրեց Բրուտյանը։
Հանրապետությունում ընդհանուր առմամբ 70% կոմերցիոն հարկատու կա (մնացածը դպրոցներն են, բուհերը, քաղաքապետարանները և այլն), որոնցից փոքր են շուրջ 65 հազարը, միջին` մոտ 3500-ը, խոշոր (500 մլն դրամ և ավելի շրջանառություն)` շուրջ 1000-ը։