ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 1-ին, Ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Ռոբերտ Օհանյանին, 38-ամյա Մանվել Գիշլարյանին և 8-ամյա Գուրգեն Աբգարյանին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Նրանց կասկածում են որսագողություն կատարելու մեջ։
Պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։ Նախնական տեղեկություններով՝ եղնիկները գրանցված են Կարմիր գրքում։ Ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի զենքերը։
Փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որի արդյունքում պետք է պարզվի նաև պետությանը պատճառված վնասի չափը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի կողմից արված տեսանյութը, որը նրանք նկարել էին եղնիկներին սպանելուց հետո։