Սարգսյանը հայկական փափախ կդնի անգլիական թագի վրա. մրցավարը մտնում է խաղի մեջ

Մարտի 2–ին Հայաստանի խորհրդարանը ընտրել է ՀՀ նախագահին։ Ինչպիսի՞ դեր կխաղա խորհրդարանական հանրապետությունում նախագահը, ինչո՞վ կզբաղվի և ինչպե՞ս կտնօրինի «թագը», մեկնաբանում է քաղտեխնոլոգը։
Sputnik

Դավիթ Գալստյան, Sputnik.

Հայաստանի նոր նախագահն ապրիլին կստանձնի իր պաշտոնը, նա նոր կլինի ոչ միայն դեմքով, այլ նաև իր լիազորություններով։

Հայաստանն ընտրում է խորհրդարանական հանրապետության նոր նախագահին։ Ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ երկրի Ազգային Ժողովը։ Իրականում խորհրդարանն ընդամենը հաստատում է դեռ գործող նախագահի կողմից ընտրված թեկնածությունը։

Արմեն Սարգսյան. նախագահ–արբիտր և այցեքարտ ներդրողների համար

Փետրվարի 28–ին Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության 65 պատգամավորներ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Սարգսյանի թեկնածությանը սատարելու մասին հայտարարել է նաև ձևական ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը։ Այլ թեկնածուներ չեն եղել, ինտրիգներ` նույնպես, բայց…

Հարց է ծագում, թե կդառնա արդյո՞ք ապագա նախագահը ձևական կերպար, այսպես կոչված «անգլիական թագուհի», թե՞ ակտիվ մասնակցություն կունենա երկրի քաղաքական կյանքում։

Հայաստանի քաղաքականության մեջ ապագա նախագահի դերի մասին Sputnik Արմենիան զրուցեց Վիգեն Հակոբյանի հետ։

Նրա խոսքով` ՀՀԿ–ում կան շատ մարդիկ, որոնք դժգոհ են Սարգսյանի թեկնածությունից, բայց վախենում են, որ ցանկացած առարկություն կարող է բացասաբար անդրադառնալ իրենց վրա։

«ՀՀԿ–ում սկսել են հասկանալ, որ կուսակցությունը լուրջ դեր չի խաղում իշխանությունում տեղի ունեցող տեղափոխություններում։ Իրականում ՀՀԿ–ն իշխող ուժ չէ, այլ ընդամենը գործում է փաստացի որոշումների իրավաբանական ամրագրման համար», – ասաց Հակոբյանը։

Միաժամանակ, հանրապետականներին մնում է միայն համաձայնել առաջնորդի որոշման հետ։

Ապագա նախագահը Բրիտանիայի քաղաքացի է եղել «սխալմա՞մբ». լեզվակռիվ ԱԺ–ում

Իսկ ի՞նչ կլինի Արմեն Սարգսյանի հետ, երբ նա ստանձնի նոր ձևաչափի նախագահական լիազորությունները։ Քաղտեխնոլոգի կարծիքով` շատ բան կախված կլինի նրա անձից։

«Սարգսյանի անձը, նրա հայտարարությունները, դիվանագիտական ձևակերպումները խոսում են այն մասին, որ չի ցանկանում մնալ «անգլիական թագուհու» կարգավիճակում։ Նա կփորձի գործնականում ընդլայնել լիազորությունները, որոնք տրամադրվում են նրան Սահմանադրությամբ», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` դա վերաբերում է նաև արտաքին քաղաքականությանը, ներդրումներ ներգրավելու, արտաքին տնտեսական, կրթության հարցերին և այլն։

Իհարկե, համաձայնեցնելով գործող նախագահի հետ, Սարգսյանը կփորձի հաստատվել երկրի քաղաքական դաշտում։

«Չեմ կարծում, որ նա քաղաքական համակարգից դուրս կլինի, կլինի չքաղաքականացված մրցավար, ինչպես հայտարարել են նախկինում։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նոր քաղաքական կառուցվածքը ստեղծելիս ձգտել է հակակշիռների որոշակի համակարգ ստեղծել։ Եթե նա ուզեր, որպեսզի նախագահի պաշտոնում լիներ «անգլիական թագուհին», ապա մեկ այլ մարդու կբերեր», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ապագա նախագահի դերը և նրա ազդեցությունը կախված կլինի նրանից, թե որքանով է Սարգսյանը պատրաստ քաղաքական կամք դրսևորել և թեկուզ երբեմն հակադրել իր կարծիքն իշխանության ներկայացուցիչների կարծիքին։

Դա ցույց կտա ժամանակը։