Այլընտրանք չունեցող 4-րդ նախագահը. ե՞րբ պարզ կդառնա` Սարգսյանը կեղծում է, թե ոչ

Այն իրադարձությունը, որին տեղական քաղաքական նորությունների առատության բացակայության պայմաններում հայկական լրատվամիջոցներն ու քաղաքական մեկնաբանները փորձում էին սպորտային հետաքրքրություն հաղորդել, վերջապես կայացավ։ Հայաստանի նախագահ ընտրվեց այլընտրանք չունեցող Արմեն Սարգսյանը։
Sputnik

Նա խորհրդարանական Հայաստանի առաջին նախագահն է, նոր սահմանադրության համաձայն` լիազորությունները զգալիորեն կրճատած նախագահ։ Թե ինչ կլինի գործնականում, պարզ կդառնա պետության իրական ղեկավարի` վարչապետի ընտրությունից հետո։

Չորրորդ նախագահին թակա՞րդն են գցել. Արմեն Սարգսյանի ընտրությունը

Այս իրադարձությունը դեռ որոշակի ինտրիգ ունի, որն, իհարկե, նույնպես արհեստածին է, քանի որ, անկեղծ ասած, բոլորին էլ վաղուց հայտնի է` վարչապետի աթոռի թեկնածուների շրջանակը սահմանափակվում է առավելագույնը երեք անձով։ 

Վարչապետի անունը մենք կիմանանք մեկուկես ամսից։ Եվս երկու ամսից կիմանանք` նախագահի պաշտոնն իսկապես ձևակա՞ն է, ինչպես ենթադրվում է, թե՞ նա ինչ-որ ազդեցություն ունենալու է պետության մեջ։ Բայց նույնիսկ առաջին դեպքը չի պակասեցնում Երրորդ հանրապետության չորրորդ կամ Չորրորդ հանրապետության առաջին նախագահի անձի նկատմամբ հետաքրքրությունը։

Նոր նախագահի անձը, անկասկած, բոլորին է հետաքրքրում, հատկապես Հայաստանի պայմաններում, որտեղ այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են հենց այս պահին նախագահ դառնալ, գրեթե համընկնում է բնակչության թվի հետ, բացառությամբ նորածինների ու նախադպրոցական տարիքի երեխաների։ Եվ նույնիսկ պաշտոնական կենսագրության չոր տողերը կարող են մարդու մասին շատ բան ասել։

Ով ինչպիսի տրամադրությամբ մասնակցեց քվեարկությանը. ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը

Ահա, օրինակ, սրանք. «Սովորել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ ամենահեռանկարային ֆիզիկոսներից է եղել։ 1984-85 տարիներին դասավանդել է Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: Հետո աշխատել է Մոսկվայի ու արտասահմանի գիտական կենտրոններում։ 1990 թվականին Լոնդոնի ու Քեմբրիջի համալսարանների հրավերով կրկին Բրիտանիայում է աշխատել»։ 

Այսինքն` այն ժամանակ այս մարդուն չէին պատրաստում խորհրդային կառավարչի կարիերայի. այդպիսինները փորձում էին գրոհել ԵՊՀ-ի պատմական, իրավաբանական ու բանասիրական ֆակուլտետերը։ Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվում էին նրանք, ովքեր պատրաստվում էին գիտությամբ զբաղվել, և նրանք, ովքեր ընդունակություններ ունեին։ Ըստ ամենայնի` նա բավականին հաջողությամբ է գիտությամբ զբաղվել։ 

Ինչի՞ մասին է վկայում այդ փաստը։ Այն մասին, որ Արմեն Սարգսյանին չի կարելի պրոֆեսիոնալ կարիերիստ անվանել, այսինքն նրան բնորոշ չէ իշխանության հիվանդագին ձգտումը, ինչն ինքնին արդեն լավ է, քանի որ նման մարդկանց պակաս մեզ մոտ չկա, ինչպես գործող իշխանությունների կառույցներում, այնպես էլ այն կազմակերպություններում, որոնք մենք չեղած տեղն «ընդդիմություն» ենք ավանում։ Դրան գումարվում են մտավոր կարողությունները, ինչը ևս պակաս կարևոր գործոն չէ։

Հայաստանի նոր նախագահի դեմ հնչած խորհրդավոր ձայնը. ո՞վ էր 10–րդ դեմ քվեարկողը

Եվս մի փաստ, որն ուշադրության է արժանի։ Պատգամավորների հետ շփման ընթացքում մեր քաղաքական գործիչների մոտ (ինչպես նաև այլ քաղաքացիների` անկախ գործունեության տեսակից) բացակայող մի հմտություն. Արմեն Սարգսյանը կարողանում է լսել զրուցակցին, նույնիսկ ընդդիմախոսին, նույնիսկ կռվարար ընդդիմախոսին, նա կարողանում է լսել ու երկխոսության մեջ մտնել։ Առանց խայթող խոսքերի ու կտրուկ արտահայտությունների, առանց կռիվ փնտրելու, առանց ամեն գնով իր իրավացիությունն ապացուցելու, իր տեսակետնը ամեն գնով պաշտպանելու, վերջին խոսքն ասելու ձգտման։

Սա մեր իրականության համար քաղաքական և ցանկացած այլ երկխոսություն վարելու նոր մշակույթ է։ Սարգսյանն այդ հմտությունը երևի ձեռք է բերել սկզբում խաղաղ գիտական վիճաբանությունների ժամանակ, հետո զուսպ, նյարդային դրսևորումներից զուրկ Մեծ Բրիտանիայում դիվանագիտական աշխատանք կատարելիս։ Ամեն դեպքում երկրի նոր նախագահի այս հատկությունը միայն ողջունելի է։

Մարդը, իհարկե, հանգամանքների բերումով փոխվում է, իրավիճակը կարող է ստիպել, որ նա ջանքեր գործադրի այսպես, ոչ թե այնպես վարվելու համար։ Մի փոքր ժամանակ անց մենք կհասկանանք` արդյոք նշված գծերն իսկապես բնավորության մի մասն են, թե ոչ։ Այս պահին թվում է, որ հենց այդպես էլ կա, ինչը թույլ է տալիս դրական տրամադրվել երկրի նոր նախագահի նկատմամբ։