Արցախը կվերադառնա՞ բանակցությունների սեղանի մոտ. մեկնաբանում է Ռուսաստանի ԱԳՆ–ն

Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է արձագանքել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ցանկացած «երանգավորման», նշել է Զախարովան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Ռուսաստանի դիրքորոշումը արցախյան հակամարտության վերաբերյալ չի փոխվել, ամեն շաբաթ անցկացվող ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Sputnik Արմենիայի` բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի վերադարձի նպատակահարմարության վերաբերյալ հարցին։

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը քաջ հայտնի է։ Այն չի փոխվել և շարադրված է նախարարության կայքի համապատասխան տեղեկատու փաստաթղթերում», — ասաց Զախարովան։

Նրա խոսքով` եթե որևէ նոր մանրամասներ հայտնվեն կամ իրադարձությունների զարգացում լինի այդ հարցի շուրջ, ԱԳՆ-ն անպայման կտեղեկացնի այդ մասին։

Երևանն ու Ստեփանակերտը պարբերաբար հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ լիաֆորմատ բանակցությունների վերականգնումը պետք է կարևոր քայլ դառնա հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց արձանագրելու ճանապարհին։

Ադրբեջանական երազախաբություն կամ հետքայլ` միջազգային ատյաններում

Այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ, ավելի վաղ հայտնել էր նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը։

Ղարաբաղը բանակցությունների ձևաչափից դուրս է մնացել 1998 թվականից հետո, երբ ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դարձավ` հայտարարելով, որ բանակցային գործընթացում ներկայացնում է Ստեփանակերտի և Երևանի շահերը։ Քոչարյանի գրասենյակն այլ պատճառ է նշում` ասելով, որ Արցախը բանակցություններից դուրս է եկել դեռևս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք։