ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Նաիրիտ-2» գործարանային համալիրը կվերածվի բիզնես կենտրոնի ու հյուրանոցի։ ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 100%-ով իր սեփականությունը հանդիսացող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված 10,3 հազար հա հողատարածքը 626,9 մլն դրամով վաճառել «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին:
Կառավարության որոշման նախագծի համաձայն` «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար:
Մասնավորապես, նախատեսվում է նշված տարածքում հիմնել մեխանիկական արտադրամաս, ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով, վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր, շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն, ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:
«Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ»-ը պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:
Հետաքրքրական է, որ, ըստ պետռեգիստրի տվյալների, այս ընկերությունն ընդամենը 1 շաբաթ առաջ է պետական գրանցում ստացել` փետրվարի 22-ին։ Որպես ընկերության սեփականատեր նշվում է ՀՀ քաղաքացի Գևորգ Արմենի Հակոբյանը։
Հետաքրքրական է նաև, որ երբ 2014թ-ին «Նաիրիտ 2»-ի բաժնետոմսերի մի մասը «Հայգազարդը» վաճառեց «Որոտան» ՀԷԿ-ին, «Նաիրիտ 2»-ի գույքի ամբողջական արժեքը գնահատված էր շուրջ 7 մլրդ դրամով ներկայիս գնից ավելի (7 մլրդ 320 մլն դրամ)։