Ապագա նախագահին ԱԺ–ում ներկայացրեց իշխանական խմբակցությունը

Նոր նախագահը միայն ներկայացուցչական գործառույթներ է ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Իշխող ՀՀԿ-ն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանի ելույթից հետո պատգամավորները պետք է քվեարկեն նրա թեկնածության համար։

Արմեն Սարգսյան. նախագահ–արբիտր և այցեքարտ ներդրողների համար

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը` նկատելով, որ նա ամբողջությամբ համապատասխանում է նոր Սահմանադրության ոգուն և պահանջներին։

Իր կյանքի բոլոր բնագավառներում և բոլոր փուլերում նա հանդես է եկել որպես առաջնորդ, ավելացրեց Բաղդասարյանը։

«Ավարտելով Երևանի պետական համալսարանը, նույն համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում նա հիմնադրեց բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը։ 1984-85 թվականներին գործուղվել է Քեմբրիջ։ 1985-89 թվականներին դասավանդել Մոսկվայի, ինչպես նաև Գերմանիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի տարբեր բուհերում»։

1990 թվականին Արմեն Սարգսյանը Լոնդոնի և Քեմբրիջի համալսարանների հրավերով աշխատել է Բրիտանիայում։

Հայաստանի անկախության հռչակումից հետո առանցքային դիվանագետներից մեկն է դարձել։ Նա եղել է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների անդամակցության ակունքներում։

Եղել է Բրիտանիայում Հայաստանի առաջին դեսպանը, համակարգել է եվրոպական երկրներում հանրապետության դեսպանների աշխատանքը։ 1996-97 թվականներին վարչապետ է եղել։

Սարգսյանը Դավոսի ֆորումի մշտական մասնակից է։ Էներգետիկ անվտանգության գլոբալ ֆորումի նախագահ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամ։

«British Petroleum, Bank of America, Merril Lynch և այլ կազմակերպությունների գլխավոր խորհրդատու է եղել», — նշեց Բաղդասարյանը։

Ինչպես ավելի վաղ նշել էր Սերժ Սարգսյանը, Հայաստանի նախագահը պետք է լինի մի մարդ, որը փորձ և վաստակ ունի, հայտնի է և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններից դուրս, կարող է երկիրն ըստ արժանվույն ներկայացնել արտերկրում։

Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում լայն կապեր ունենա։ Եվ ամենակարևորը` քաղաքական առումով անաչառ պետք է լինի և անկուսակցական։ «Արմեն Սարգսյանն այդպիսի մարդ է», — ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը պետք է ընտրվի ոչ ուշ, քան այսօր (Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտից 40 օր առաջ)։ Այլընտրանքային թեկնածուի` պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունն ուզում էր առաջադրեր «Ելք» ընդդիմադիր դաշինքը, սակայն թեկնածությունն առաջադրելու համար պատգամավորների ձայների անհրաժեշտ քանակը չստացավ (ընդդիմադիր գործընկեր «Ծառուկյան» դաշինքը չաջակցեց նրանց)։

Սահմանադրական բարեփոխումների համաձայն` նոր նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ կունենա։ Գործադիր իշխանությունը գրեթե ամբողջությամբ կանցնի վարչապետին։