ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ-ն այսօր` սումգայիթյան ջարդերի հիշատակի օրը, հայտարարություն է ընդունել, որն ուղարկվելու է նաև միջազգային կառույցներին ու տարբեր երկրների գործընկեր մարմիններին:
«30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրավորված ու կազմակերպված Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետևողական քաղաքականության ևս մեկ դրսևորում էր, որը սկիզբ է առել 1918թ.-ին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 և Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով, շարունակվել է խորհրդային ժամանակաշրջանում բռնությունների միջոցով Նախիջևանի և այլ շրջանների բնակչության հայաթափմամբ և Արցախի հայության նկատմամբ բռնաճնշումներով, նոր թափ է ստացել, մասնավորապես, 1988-1991 թվականներին Սումգայիթում, Բաքվում ու Գանձակում (Կիրովաբադում) հայերի նկատմամբ իրականացված ջարդերով, 1991թ.-ից սկսած Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայով, որում ներգրավված էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ առնչություն ունեցող հազարավոր վարձկաններ, 1991թ. իրականացված «Օղակ» ռազմական գործողության միջոցով 22 հայկական գյուղերի էթնիկ զտմամբ ու բռնագաղթով, 1992թ. Արցախի Մարաղա գյուղում ապրող տարեց մարդկանց, կանանց ու երեխաների սպանություններով, 1992թ. հայաբնակ Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի հատվածի բռնազավթմամբ ու հայաթափմամբ, Աղդամի մոտակայքում` ադրբեջանական զինված խմբավորումների կողմից Խոջալու ավանի բնակիչների սպանությամբ` Ադրբեջանում ներքաղաքական պայքարում դա օգտագործելու և հայերին վերագրելու նպատակով,
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի` խորհրդարանի ամբիոնից հրապարակած հայտարարության տեքստում նաև ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած և ծայրահեղ հայատյացության պետական քարոզչությամբ ուղեկցվող հակահայկական բռնությունները, ջարդերն ու տեղահանումներն անհնարին էին դարձրել Ադրբեջանում հայերի գոյությունը:
«Արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, խաթարում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցային գործընթացը` շարունակելով ապավինել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Դատապարտելով խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաև հայատյաց, ռասիստական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունները` ՀՀ Ազգային ժողովը կոչ է անում խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին` դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած և շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները:
Դրանք, հայտարարության հեղինակների համոզմամբ, սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար: