Հայ մարզիկ Ստաս Նազարյանը` Ռուսաստանի մասին. բարեխիղճ մարզիկներին չի կարելի պատժել

Մարտի 8–ից 19–ը Փհենչհանում կանցկացվեն ձմեռային պարալիմպիկ խաղերը։ Հայաստանը ներկայացնելու է միայն մեկ մարզիկ` Ստաս Նազարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Փհենչհանում ձմեռային պարալիմպիկ 12-րդ խաղերին Հայաստանը ներկայացնող միակ մարզիկը Ստաս Նազարյանն է։ Իր հույզերի մասին նա պատմել է Sputnik Արմենիային։ Մարզիկը մեկնաբանել է նաև ռուսաստանցի մարզիկների հետ կապված իրավիճակը։

Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ) թույլ է տվել ռուս մարզիկներին չեզոք կարգավիճակով մեկնել Փհենչհանի 2018 թվականի Պարալիմպիկ խաղերին։ Ռուսաստանցիները ելույթ են ունենալու պարալիմպիկ դրոշի տակ, իսկ եթե հաղթեն, մարզադաշտում պարալիմպիկ խաղերի օրհներգն է հնչելու։

Օլիմպիական խաղերը Փհենչհանում ավարտվեցին, օլիմպիական կրակը մարվեց

«Իհարկե, դա իմ գործը չէ, բայց ես համոզված եմ, որ չի կարելի բոլոր մարզիկների հետ այդպես վարվել։ Պետք է պատժել միայն կանոնները խախտողներին», — նշեց Նազարյանը։

Անդրադառնալով Հայաստանի հավաքականին` Նազարյանը նշեց, որ ուրախ ու հպարտ է խաղերին հինգերորդ անգամ մասնակցելու համար։

«Մեծ պատասխանատվություն է, երբ երկիրդ ես ներկայացնում։ Ես կաշխատեմ արժանապատվորեն ելույթ ունենալ, իմ հնարավորությունների սահմաններում հաղթահարել խոչընդոտներն ու բարդությունները», — նշեց ատլետը։ 

Դահուկորդն ավելացրեց, որ, ցավոք, այսօր Հայաստանում պարալիմպիկ մարզիկներին պատշաճ ուշադրություն չեն դարձնում։

«Մենք լավ մարզիկներ ունենք։ Սակայն երկարատև մարզումները գումարների հետ են կապված։ Որքան ավելի շատ մարզումներ են լինում, այնքան ավելի լավ արդյունքների են հասնում մարզիկները, — ասաց նա։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն իր հերթին ասաց լրագրողներին, որ Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կարող էր ներկայացնել ևս մեկ մարզիկ` լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը։

Աբրահամյանի խոսքով` դահուկորդը պետք է մուտքի արտոնագիր ստանար Պարալիմպիկ խաղերին մեկնելու համար, սակայն փաստաթղթերի հետ կապված որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, և Սասուն Հակոբյանն այդ արտոնագիրը դեռ չի ստացել։

Նա ավելացրեց նաև, որ շուտով Հայաստանում հատուկ սարքավորումներով մարզադաշտ կբացվի` սլեջ-հոկեի համար (հաշմանդամ մարզիկների տափօղակով հոկեյ)։

Ստաս Նազարյանն ամուսնացած է, ունի 2 տղա, մեկ աղջիկ: Արդեն 3 տարի է՝ընտանիքով մասնակցում են «Լավագույն մարզական ընտանիք» մրցմանը, 3 տարին էլ առաջին տեղն են գրավում և արժանանում ՀՀ նախագահի մրցանակին: