Վլադիմիր Լեպյոխին
Հիշեցնեմ, որ 1990 թվականից ի վեր վանքում նման բան չի եղել։
Տիրոջ գերեզմանի տաճարը բոլոր քրիստոնյաների համար ամենասուրբ վայրն է։ Աստվածաշնչի համաձայն` այն վայրում, որտեղ այսօր կանգնած է տաճարը, խաչվել, թաղվել, այնուհետև հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Վանքում ամեն տարի վառվում է Բարեբեր կրակը։
Մոտ մեկուկես ամսից` ապրիլի 7-ին, ամբողջ աշխարհի քրիստոնյաները կրկին այստեղ կսպասեն Սուրբ կրակի իջնելուն։ Այդ դեպքում ինչո՞ւ Երուսաղեմի իշխանությունները հանկարծ որոշեցին ճնշման ենթարկել քրիստոնյաներին, և այդ կապակցությամբ Սուրբ գերեզմանի եղբայրության ղեկավարությունը (որի մեջ մտնում են Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները) ստիպված եղան քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրը փակելու աննախադեպ որոշում կայացնել։
Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց ճնշումները բացատրում են, որ այդ եկեղեցիները պարտքեր ունեն քաղաքային բյուջեին։ Այդ բացատրությունը որևէ քննադատության չի դիմանում։ Նույնիսկ եթե եկեղեցիների և քաղաքապետարանի միջև որևէ պայմանագրեր գոյություն ունենային, որոնց համաձայն` պատրիարքարանները պարտավորված լինեին քաղաքապետարանի բյուջե կոնկրետ գումար վճարել, քաղաքային իշխանությունների հայտարարած «պարտքերը» (մոտ 200 մլն դոլար) իրականում ծածկում է այն եկամուտը, որը Երուսաղեմը ստանում է աշխարհի տարբեր ծայրերից եկող հարյուր հազարավոր և միլիոնավոր քրիստոնյա ուխտագնացներից։
Սակայն չկան այնպիսի պայմանագրեր, որոնք կպարտավորեցնեին իրենց գործունեության համար հարկեր վճարել։ Պարտքի գումարն էլ ավելի քան կասկածելի է, իսկ առկա վեճերը լիովին կարող են լուծվել առանց քաղաքային իշխանությունների «թալանչիական» մեթոդների։ Ստացվում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանն իր ճնշումներով խախտում է վերոնշյալ եկեղեցիների և եկեղեցական համայնքների Աստծուն ծառայելու կարգը, որը հաստատվել է դարեր առաջ։ Այսինքն օգտապաշտական, կոմերցիոն պատճառները, նույնիսկ եթե դրանք առկա են քաղաքային իշխանությունների որոշման մեջ, այստեղ որոշիչ դեր չեն խաղում։
Նույնիսկ բրիտանական The Guardian-ն է քաղաքական պատճառներ տեսնում Երուսաղեմի քաղաքապետարանի չինովնիկների և նրանց հետևում ակնհայտ կանգնած Իսրայելի քաղաքական ուժերի գործողություններում։
Իմ կարծիքով, եթե բրիտանական թերթն իրավացի է, ապա կարելի է ենթադրել, որ իսրայելցի որոշ քաղաքական գործիչների դժգոհությունն այսօր տարածվում է գերազանցապես Հայ առաքելական եկեղեցու վրա, հետևաբար` Հայաստանի։
Երկու շաբաթ առաջ Իսրայելի խորհրդարանը հրաժարվեց ընդունել Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքը։ Եվ այդ որոշումը պատահական չէր. դա Մերձավոր Արևելքի, այսպես կոչված, գլոբալիստների ռազմավարության մի մասն է։ Այժմ ահա ակնհայտ անբարյացակամ քայլ Հայկական եկեղեցու նկատմամբ։
Համաշխարհային ռուսական ժողովրդական ժողովի փորձագիտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ռուդակովի կարծիքով` «լիովին հավանական է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը ցուցադրական ճնշում գործադրեց քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ, և դա հավանաբար նախևառաջ վերաբերում է հայերին, որոնք սիրիական պատերազմում այդ երկրի կառավարության կողմից են հանդես գալիս»։
Այսօր` քաղաքային չինովնիկների նկատմամբ Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների պատրիարքարանների հակազդման երեք օրերից հետո, երբ խնդիրը կարծես թե լուծված է, դժվար է ենթադրել, որ Իսրայելի իշխանությունների կողմից քրիստոնյաների նկատմամբ ճնշումները կավարտվեն։ Դրանք պարզապես ուրիշ, ոչ այդքան ակնհայտ ձև կընդունեն։
Կարծում եմ, որ Երուսաղեմի իշխանություններին (իսկ գուցե նաև Իսրայելի) հաջողվեց ամենակարևորը` հիմք նախապատրասել, որ քրիստոնյա եկեղեցիներն այլևս իրենց ազատ չզգան այդ քաղաքում, այլ, հակառակը, նրանց մոտ ամրապնդվի միտքը, որ իրենք Սուրբ հողի վրա ոչ թե տերեր են, այլ հյուրեր։ Եվ որ նրանք կախված են Իսրայելի իշխանությունից, նշանակում է` նաև նրանց հավատն է կախված քաղաքական կոնկրետ ուժերից։
Փաստորեն Երուսաղեմի քաղաքապետարանի չինովնիկները հասկացրին, որ Տիրոջ գերեզմանի տաճարն ու Հիսուսն ինքը նրանց համար սուրբ ուժ չեն, և որ նրանք կարող են հասարակ վարչական որոշումներով զրկել ամբողջ աշխարհի քրիստոնյաներին Բարեբեր կրակից կամ նույնիսկ նրանց մուտքն արգելեն գլխավոր սրբավայր։