Մահացել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

Անցած գիշեր կյանքի 81 տարում մահացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Անցած գիշեր կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ալբերտ Մկրտչյանի բարեկամուհին։ Ռեժիսորը մահացել է տանը, երկարատև հիվանդությունից հետո։

Նշենք, որ երեկ` փետրվարի 27–ին լրացել էր նրա 81–ամյակը։

Ինչպես էր Ֆրունզիկը խանգարում գյուղացիներին, կամ ինչու Գյումրիում չկա Մկրտչյանի դամբարան

Կենսագրական տվյալներ

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937թ.–ի փետրվարի 27–ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Նա հայտնի ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։

Ալբերտ Մկրտչյանը 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (ՎԳԻԿ)։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Մրցանակներ

ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներ (2007), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)։