Brussels Airlines–ն ուզում է Բրյուսել–Երևան–Բրյուսել չվերթ գործարկել

Ընկերությունը քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը լրջորեն քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման հնարավորությունը: Այդ մասին Երևանում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության փոխնախագահ Հերման Կարպենտյերը:

«Սարատովյան ավիաուղիներն» ուղիղ չվերթեր կիրականացնի Վոլգոգրադից Երևան

Նա կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:

Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթերի բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընդլայնման համար:

Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, որը նույնպես իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթերի կազմակերպման հարցում: