Երուսաղեմում կասեցվեց եկեղեցիների հարկման որոշումը

Երուսաղեմի քաղաքապետը կասեցրել է քրիստոնեական եկեղեցիներին պատկանող անշարժ գույքի համար հարկ սահմանելու որոշումը, որը վրդովվեցրել էր կրոնական առաջնորդներին և նպաստել Տիրոջ գերեզմանի տաճարի փակմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Իսրայելում կասեցվել է հարկահավաքումը Երուսաղեմի եկեղեցական գույքից, ինչի մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի վարչապետի գրասենյակին։ Հարկահավաքումը կասեցվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատի համատեղ որոշմամբ։ Քաղաքական գործիչները որոշել են աշխատանքային խումբ ստեղծել ֆինանսների, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարությունների և քաղաքապետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ` քաղաքային հարկերի վերաբերյալ որոշումը ձևակերպելու համար։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ «լուծումը ձևակերպելու նպատակով» մասնագիտական թիմ կձևավորվի, որը եկեղեցիների ներկայացուցիչների հետ բանակցություններ կվարի»:

Սկանդալ Երուսաղեմի Աստծու տաճարի շուրջ. ինչպես է արձագանքում հայկական եկեղեցին

Նշենք, որ Երուսաղեմում կրոնական կառույցներից հարկ գանձելու որոշումը տեղի եկեղեցականների շրջանում դժգոհության էր առաջացրել։ Անցած կիրակի հույն ուղղափառ, հայկական և կաթոլիկ եկեղեցիները համատեղ որոշում էին կայացրել Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի վանքը փակելու վերաբերյալ` ի նշան հարկահավաքման դեմ բողոքի։

Վերոնշյալ եկեղեցիները, Սուրբ գերեզմանի եղբայրություն կամզելով, համատեղ կառավարում են Քրիստոսի մահապատժի, թաղման և հարության վայրում կառուցված քրիստոնեության մեծագույն սրբությունը։ Եկեղեցիները հրաժարվում են ենթարկվել աշխարհիկ իշխանությունների պահանջին` նրանց գործողությունները տասնյակ տարիների ավանդույթների խախտում և վիրավորանք համարելով։

Երուսաղեմի քաղաքապետարանի հայտարարության համաձայն` եկեղեցիներն ընդհանուր առմամբ քաղաքային բյուջեին մոտ 186 մլն դոլար են պարտք։