Սումգայիթը ցույց տվեց` բանակն Արցախի ժողովրդի անվտանգության լավագույն երաշխիքն է

Ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում արել են նույնը, ինչ 1915 թվականի ապրիլի 24–ին արել են թուրքերը հայերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Սումգայիթի ողբերգությունն ապացուցեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվել Օսմանյան կայսրության ժամանակների ցեղասպանության մեթոդներից, Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Սումգայիթյան իրադարձությունները մեծ ողբերգություն են ոչ միայն հայ, այլև խորհրդային ժողովրդի համար։ Տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն էր կրում, բայց այդ քաղաքականությունը շարունակում է նաև անկախ Ադրբեջանի ասօրվա ղեկավարությունը, որը մինչ այժմ ճիշտ գնահատական չի տվել Սումգայիթի ողբերգությանը», — ասաց Շարմազանովը։

Սումգայիթ, 30 տարի անց. պատմություն` առանց վերջակետի

Նրա խոսքով` այդ ողբերգության ձեռագիրը նման է 1915 թվականի ապրիլի 24-ին Կոնստանդնուպոլսում տեղի ունեցած իրադարձություններին, երբ թուրք իշխանությունները որոշել էին քաղաքը մաքրել հայերից։

«Այդ վանդալությամբ նրանք պատասխանեցին Լեռնային Ղարաբաղի` Խորհրդային Հայաստանին միանալու քաղաքական որոշմանը։ Ղարաբաղի քաղաքական կամքի արտահայտմանը նրանք Սումգայիթով պատասխանեցին։ Կարծում եմ` մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, որ աշխարհը ճանաչի այդ ողբերգությունը», — ասաց Շարմազանովը։

Ե՛վ 1988 թվականի Սումգայիթը, և՛ Բաքվի իրադարձությունները, որոնք Սումգայիթի ողբերգության շարունակությունն էին, նրա խոսքով, ապացուցեցին, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի գնացել ու պատրաստ չէ բանակցությունների գնալ և ընդունել Արցախի ժողովրդի ժողովրդավարական կամարտահայտումը։

Սումգայիթի, Բաքվի ու Նոր Ջուղայի ողբերգությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել։

«Ադրբեջանական ղեկավարությունը Սումգայիթում ու Բաքվում ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ բնակչության գոյությունը չի ընդունում։ Այդ ողբերգություններն ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ու անվտանգության երաշխիքը հայկական բանակն է», —ասաց Շարմազամովը։

1988 թվականի փետրվարի 27-29-ին տեղի ունեցած ջարդերի հետևանքով զոհերի ու վիրավորների հստակ թիվ մինչև հիմա չկա։ Սումգայիթյան դեպքերը ազգամիջյան հակամարտության սրացման շրջադարձային փուլ դարձան։ Դրանից հետո հայ փախստականները Սումգայիթից փախան Արցախ ու Հայաստան։

Պաշտոնական տվյալների համաձայն` 26 հայ է մահացել, սակայն բազում վկայություններ կան, որ երեք օրվա ընթացքում հարյուրավոր հայեր են սպանվել ու կտտանքների ենթարկվել։