ՀՀԿ-ն չբացառեց, որ Սերժ Սարգսյանին «կպարտավորեցնի» դառնալ վարչապետ

Դատական բարձրագույն նոր մարմնի անդամները հրաժարվեցին պատասխանել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ազգային ժողովում հաստատվեց բարձրագույն դատական խորհրդի կազմը։ Իշխանական կոալիցիան ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նոր դատական բարձրագույն մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի կազմում այսօր ԱԺ նիստում առաջադրեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանի, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Լիպարիտ Մելիքջանյանի և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունները:

Իշխող կուսակցությունում դեռ չգիտեն` Սերժ Սարգսյանը վարչապետ կլինի, թե ոչ

Մինչ թեկնածությունների փակ գաղտնի քվեարկությունը նրանք պատասխանեցին պատգամավորների հարցերին: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության հարցերը հիմնականում երկուսն էին` կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, և երկրի բարձրագույն իշխանության ղեկավարի ղեկը չստանձնելու մասին հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն ապրիլին կստանձնի՞ արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնը: Թեկնածուներն այս հարցերին ուղիղ պատասխան չտվեցին`պատճառաբանելով, «որ նոր կարգավիճակը ստիպում է քաղաքականապես չեզոք լինել:

Փոխարենը ընդդիմության հարցերին պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` նշելով, «որ ինքն ազատ է քաղաքական գնահատականներ տալու հարցում:

«Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ առաջնորդ լինելուց, նաև շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին»,- արձագանքելով «Ելքի» հարցադրմանը` ասաց Բաղդասարյանը:

Դատական խորհրդի կազմը խորհրդարանականները կհաստատեն փակ գաղտնի քվեարկությամբ:

Խորհրդի անդամներն ընտրվում են 3 տարի ժամկետով: Ընտրվելու դեպքում խորհրդի նախագահը կլինի Գագիկ Հարությունյանը: