Հայերը շատ համառ են. Սուրբ Վարդանը կանգուն է մնացել Նյու Յորքի «բետոնե ջունգլիների» մեջ

Ճանապարհորդությունների մասին հայտնի պարբերականը համեմատում է Նյու Յորքի սրտում գտնվող ХХ դարում կառուցված հայկական Սուրբ Վարդան եկեղեցին Էջմիածնի VII դարի Սուրբ Հռիփսիմեի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Նյու Յորքի սրտում գտնվող Սուրբ Վարդան եկեղեցին ավելի է սազում Հայաստանի կանաչ լեռնային լանջերին, քան մեգապոլիսի «բետոնե ջունգլիներին», գրում է ամերիկյան Atlas Obscura ճանապարհորդական պարբերականը։

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, նույնիսկ ավելի քան 36 մետր բարձրության վրա եկեղեցին ծածկում են Մանհեթենի որոշ երկնաքերեր։

Ո՞Ւր է անհետացել Թբիլիսիի ամենամեծ հայկական եկեղեցին` Հայոց վանքը

«Բավական է միայն հայտնվել հրաշալի շինության տարածք, մտնել այնտեղ, և ձեզ կթվա` քաղաքը մնացել է հետևում, և դուք հայտնվել եք մեկ այլ աշխարհում։ Եկեղեցին հայկական արտասովոր գյուղերից մեկում ծվարած հազար տարվա վանքի է նման։ Իրականում, այն 681 թվականին կառուցած Հայաստանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ժամանակակից վերարտադրությունն է», – գրված է հոդվածում։

Հեղինակն ավելացնում է, որ տաճարի շուրջ զբոսնելիս` պատերից մեկի վրա կարելի է նկատել փորագրված 1966 թվականը։ Քիչ այնկողմ նույն տարեթիվն է, միայն թե հայկական տառերով գրված` «ՌՆԺԵ»։

«Հսկայական քարե շենքի վրա ոսկեզօծ գմբեթն է։ Ներքին հարդարանքը գեղեցիկ որմնանկարներում ու ապակենախշերն են կազմում։ Եկեղեցին հայկական բացառիկ ճարտարապետությանը բնորոշ երկու առանձնահատկություն ունի։ Նախ` կրկնակի հատվող կամարներ են ողջ ներքին տարածքում, ինչի շնորհիվ մյուս խոշոր եկեղեցիների մեծամասնությանը բնորոշ սյուների անհրաժեշտություն չկա։ Երկրորդը` 36.5 մետրանոց բրգաձև գմբեթը, որը նույնպես պահվում է հատվող կամարների հաշվին», – գրում է նա։

Հրապարակման մեջ խոսվում է նաև եկեղեցու կենտրոնական մուտքի վրա գտնվող հարթաքանդակի մասին, որի վրա պատկերված է Սուրբ Վարդանը`իրանական Սասանյանների (որոնք փորձում էին զրադաշտություն պարտադրել) դեմ հայերի ապստամբության առաջնորդը։

Հոդվածի հեղինակն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Սուրբ Վարդանը պարտվել է մարտում, սակայն հաղթել է պատերազմում, քանի որ պարսիկները հասկացել են` հայերը չափազանց համառ են իրենց հավատքից հրաժարվելու համար։