ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում այսօր կրկին շրջայցեր է կատարել մսի իրացման շուկաներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՊԾ մամուլի ծառայությունը։
Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները:
Այն բոլոր դեպքերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը:
Փորձաքննության վերցված նմուշներում, լաբորատոր հետազոտությամբ, սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Տեսուչների հայտնաբերած 125 կգ կասկածելի թարմությամբ միսը, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, ուղարկվել է գազանանոց: Օրեր առաջ, անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունը կանխել էր առանց ուղեկցող փաստաթղթերի մսի իրացման փորձը:
Հիշեցնենք՝ կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, և միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ:
Շրջայցեր կլինեն նաև մսի վաճառքի այլ շուկաներում: