Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

Փխրուն, նիհար, նուրբ ու փոքրամարմին աղջիկը հայտնվել էր Արցախում` պատերազմի դաշտում: Ավելի ճիշտ՝ ոչ թե հայտնվել էր, այլ կամավոր գնացել: Իսկ նրան՝ 2 փոքրիկների մորը, ռազմաճակատ էր բերել ոչ միայն հայրենասիրությունն ու հայրենի հողն ազատագրելու ձգտումը…այլ պատճառներ էլ կային:
Sputnik

Ադրբեջանական պատասխան՝ ազգային զարթոնքին

1988թ.-ին՝ սրանից ուղիղ 30 տարի առաջ, ազգային զարթոնքի արդյունքում ձևավորվեց Ղարաբաղյան շարժումը: Մեր արդար պահանջի հենց առաջին օրերից Սումգայիթում, Բաքվում ու այլուր սկսվեց խաղաղ հայ բնակչության կոտորածը: Գաղտնիք չէր, որ Բաքվում մեծ թվով հայեր էին ապրում, նրանց թվում՝ նաև երիտասարդ հայ ամուսինները` Անահիտն ու Վիկտորը: Նրանք սիրով ու նվիրումով երկու որդի էին մեծացնում, տունը շենացնում, երբ առաջին բոթը եկավ Սումգայիթից: Ժամ առ ժամ դաժան ու վախեցնող լուրերը հաճախակի էին դառնում, հայերի` Ադրբեջանում ապրելը` վայրկյան առ վայրկյան` վտանգավոր: Անահիտն ու Վիկտորն արագ հասկացան՝ ստիպված են թողնել իրենց տունն ու տեղը և Հայաստան տեղափոխվել: Այդ պահին կարևորը երեխաների ու իրենց փրկությունն էր:

Սումգայիթ, 30 տարի անց. պատմություն` առանց վերջակետի

Առավոտյան, երեխաներին գրկած դուրս եկան փողոց` օդանավակայան հասնելու համար: Բայց մինչև մոտակա օդանավակայանը ճակատագիրը գլխիվայր պիտի շուռ գար, կյանքն այլ հուն ու այլ ընթացք պիտի ստանար: Փողոցում մի վայրի հրոսակախումբ աղմուկով շրջապատեց հայ ընտանիքը: Անահիտը վախեցած նրանց հանձնեց  բնակարանի բանալիները, որ, չգիտես ինչու, հետն էր վերցրել: Մտածեց` սրանց թալանն է պետք, տունն ու ամեն ինչը՝ իրենց, մենակ թե հանգիստ թողնեն: Խուժանին ավար ունենալու միտքն ուրախացրեց, բայց նա արյան ծարավ էր…ու հագեցրեց ծարավը…նրանք կնոջ ու երեխաների աչքի առաջ սրատեցին Վիկտորի գլուխն ու թափահարեցին օդում: Անահիտը կորցրեց հավասարակշռությունը, չիմացավ` ինչ անի: Բայց այդ պահին Աստված` հայի միջոցով, օգնության հասավ նրանց: Հեռվում մի զրահամեքենա երևաց, վրան հայեր էին… նրանք ցրեցին հարձակվողներին, Անահիտին ու երեխաներին հասցրին օդանավակայան: Անահիտը՝ երկու մանկահասակ երեխաները ձեռքին, արդեն այրիացած, հայտնվեց Հայաստանում:

Հողի, պատերազմի, վրեժի կանչը

Երևանի օդանավակայանում Բաքվի ինքնաթիռից փախստականներն իջնում էին գիշերանոցով, տնային հողաթափերով, ձմռան ցրտին` կիսամերկ: Նրանք ազատություն էին տալիս իրենց խեղդված տառապանքներին, ողբով հիշում սպանված հարազատներին:

Ամուսնու դաժան սպանությունը քնքուշ ու փափկասուն Անահիտին գլխիվայր փոխեց` դարձնելով վրիժառու: Այլևս ապրելու էր նաև վրեժ լուծելու առաքելությամբ:

«Իրենք փխրուն հայ կնոջը դարձրին դարեդար զինվորական: Հայ կինը փափկասում է, ընտանեասեր, նա չէր ուզում մարտնչել, բայց նրանք մեզ այլ ընտրություն չթողեցին»,-մեզ հետ զրույցում ասում է վաղուց հրամանատար դարձած կինը:

Այո, ճիշտ լսեցիք, հրամանատար…Արցախյան գոյամարտում բուժքույր Անահիտն ի վերջո դարձավ «Անահիտ» ջոկատի հրամանատարը: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Ռազմաճակատն ու կինը, օծանելիքի բույրն ու վառոդի հոտը

Անահիտը Հայաստանում իմանում է, որ Բաքվից փախած իր ծնողները Տավուշի Բագրատաշենում են: Նա երեխաների հետ մեկնում է ծնողների մոտ: Իրավիճակն Արցախում օրեցօր սրվում ու դառնում էր պատերազմական, օրեցօր Անահիտը մտածում էր ռազմաճակատ մեկնելու, կռվելու, ամուսնու ու ոչ միայն նրա վրեժը լուծելու մասին:  Բայց ինչպես ասեր ծնողներին, թե ուզում է հարևան գյուղի տղաների ջոկատի հետ ռազմաճակատ մեկնել: Ո՞ր հայ կինը կհանդուրժեր դստեր մարտի դաշտում հայտնվելը, դեռ չենք խոսում մանկահասակ որդիներին մենակ թողնելու մասին: Անահիտը ստիպված էր ստել: Մորն ասում է, թե ուզում է Ուկրաինա` ընկերուհու մոտ մեկնել՝ աշխատելու: Մայրն  համաձայնում է` մտածելով, որ կգնա, կցրվի, սթրեսից դուրս կգա:

Ես իմ գործն եմ արել, դա հերոսություն չէ. այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է

Աղջիկը թողնում է երեխաներին, մեկնում Երևան` կամավորականների հավաքակայան: Չսափրված, խիտ հոնքերով ու խիստ հայացքով տղամարդկանց շարքում մի լղարիկ կին է կանգնած, ով հավաքագրողին ստում է, թե ամուսնացած չէ ու երեխաներ չունի: Իսկ հավաքագրողն ասում է` ուրեմն գնա ամուսնացիր ու երեխաներ ունեցիր, ռազմաճակատը քո ի՞նչ բանն է: Անահիտը պնդում է, որ ինստիտուտում բուժքրոջ դասընթացներ է անցել և ցույց տալիս, որ վարժ տիրապետում է ադրբեջաներենին: Պարզ էր` նա կարող էր շատ օգտակար լինել:

Ու նրան տարան ռազմաճակատ…

Ուղղաթիռից իջավ Մարաղայում: Ամուսնու գնած ֆրանսիական նուրբ զգեստների փոխարեն ստիպված էր մարմնին հարմարեցնել զինվորական կոշտ համազգեստը, որը քերում էր պարանոցի նուրբ մաշկը: Սկզբում, իրոք, բուժքույր էր: Ջանասիրաբար, իր կանացի նուրբ թևերով, գրկում ու մարտի դաշտից դուրս էր բերում աժդահա հայ վիրավոր մարտիկներին, հոգատարությամբ վիրակապ դնում նրանց վերքերին ու խնամում:

Մարաղան առաջին գյուղն էր, որի համար Անահիտը կռվել, որտեղ տղաներին մահից փրկել էր նա: Մարաղայի պաշտպանության վերջին մարտում բուժքույր Անահիտը ռազմադաշտից 13 վիրավորի հանեց: Հակառակորդի գնդակը բուժքրոջն էլ կպավ, բայց սեփական վերքի վրա դողալու ժամանակը չէր: Իր վերքն աննկատ վիրակապեց ու վազեց հաջորդ վիրավորի հետևից: «Ես շնորհակալ եմ իմ մարտական ընկերներին, նրանք օգնեցին ինձ կրակել սովորել, օգնեցին ապրել էքստրեմալ պայմաններում, չզգալ քաղցը, ցուրտը»,-պատմում է Անահիտը:

Անպարտելի ջոկատ՝ կնոջ գլխավորությամբ

Մարաղայից հետո ընկերները հասկացան, որ նա միայն ռազմադաշտից վիրավորներ հանելու համար չէ: Նրան թեթև զենք տվեցին, զինակից ընկերները կրակել սովորեցրին: Բացի դա, Մարաղայի ճակատամարտում փրկված տղաները կյանքով էին պարտական հերոս կնոջը: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնելու ձևը գտան:

Սումգայիթը ցույց տվեց` բանակն Արցախի ժողովրդի անվտանգության լավագույն երաշխիքն է

Տղաները դիմեցին Կոմադոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին, ասացին, որ ջոկատ են ստեղծել և ուզում են, որ այն ղեկավարի Անահիտը: Կոմանդոսը դեմ չէր, դեմ էր հենց Անահիտը՝ ինչպե՞ս կարող է կինը ղեկավարել տղամարդկանց խմբին, այն էլ՝ հայկական իրականության մեջ: Բայց հետո ընկրկեց, տեղի տվեց սիրելի զինվորների խնդրանքին:

Այսպես ձևավորվեց «Անահիտ» ջոկատը` 13 հայազգի տղաներով, որոնք նորաթուխ հրամանատարին իրենց փրկիչն էին համարում և 14 ազգությամբ ռուս Սուրբ խաչի նվիրյալներով, ովքեր ուզում էին հայերի հետ, հայերի կողքին կռվել, հարկ եղած դեպքում իրենց արյունը հեղել` Սուրբ խաչի պաշտպանության համար: Հրամանատար Անահիտը սկսում է աշխատել զինվորների հետ: Նրան հետաքրքիր էր ռուսների ներկայությունը: Հայերն իրենց հողն են պաշտպանում, իսկ ի՞նչ են անում կրակի այս հովտում այլազգի զինվորները: Սուրբ խաչի պաշտպաններից ամենատարեցը, որի համար Արցախը 3-րդ պատերազմն էր, խորիմաստ պատասխան է տալիս. «Նրանք միայն ձեր ազգի դեմ չեն կռվում, նրանց նպատակը Սուրբ խաչը վերացնելն է, որը մենք թույլ չենք տա»:

Մարտակերտն արդեն ազատագրել էին, պատերազմն ուր որ է պիտի ավարտվեր, բայց մարտերը դեռ շարունակվում էին: Հրամանատար Անահիտը հանկարծ զգաց, որ կողքին խոշոր տրամաչափի արկ պայթեց: Կարծես, մարմինը բզկտվեց, ցիրուցան եղավ: Օրեր անց միայն պիտի հասկանար, որ կլինիկական մահ է տարել, իսկ հետո 6 ամիս շարունակ պիտի կրեր կուրության տառապանքը: 12 վիրահատության արդյունքում մարմնից 24 բեկոր են հեռացրել, բայց դեռ էլի մնում է: Բայց կարևոր՝ հոգու բեկորն արդեն հանել են, չէ որ Արցախն ազատագրված է…ու հիմա կարևորն այն ազատագրված պահելն է…