ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Ֆրանսիայում հարգել են Միսակ Մանուշյանի ջոկատի` Դիմադրության հերոսների, մահվան հերթական տարելիցը։ Միջոցառմանը մասնակցել են և՛ հրեական, և՛ հայկական համայնքները, գրում է «Շոայի հիմնադրամ» կազմակերպությունը։
Փարիզի մերձակայքում գտնվող Նելի սուր Սեն քաղաքի սինագոգում տեղի ունեցած արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի գլխավոր ռաբբի Խաիմ Կորսիան, Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավարներից մեկը` Արա Թորանյանը։
Հիշատակի արարողությունն անցկացվել է Փարիզում, հայտնում է Ֆրանսիայի հայկական «Շարժում» կայքը։ Փարիզի 14-րդ շրջանի վարչակազմի ներկայացուցիչներն ու Կոմունիստական կուսակցության երիտասարդ ակտիվիստները հիշատակի արարողությունն անցկացրել են այն տան մոտ, որտեղ ապրել է Մանուշյանը և որտեղ այժմ հուշատախտակ է տեղադրված։
Ֆրանսիական դիմադրության տարիներին Մանուշյանի ջոկատում ավելի քան 20 մարդ է եղել, հիմնականում` Արևելյան Եվրոպայից գաղթած հրեաներ, մեկ լեհ, ինչպես նաև մի քանի իսպանացի և իտալացի կոմունիստ։ Խմբի կազմում նաև մեկ հայ է եղել` Արփեն Դավիդյանը։
1943 թվականի մի քանի ամիսների ընթացքում Մանուշյանն ավելի քան 50 հարձակում է իրականացրել։ Այդ թվում վերացրել է նաև նացիստական ՍՍ-ի գնդապետ Յուլիուս Ռիտերին, որը ղեկավարում էր աշխատուժի բռնի տեղափոխումը Ֆրանսիայից Գերմանիա։
Մանուշյանին ու նրա ընկերներին գնդակահարեցին 1944 թվականի փետրվարին Մոն Վալերիենում։ Վերմախտի կանոններով չէր թույլատրվում կանանց գնդակահարել։ Այդ պատճառով խմբի միակ կնոջը` մոլդովացի հրեա Օլգա Բանչիկին, ուղարկեցին Շտուտգարտ, որտեղ նրան գլխատեցին։
Մանուշյանի անունով մի քանի փողոց կա։ Նրա պատվին մի քանի հուշարձաններ են կանգնեցվել Ֆրանսիայի քաղաքներում։