Հին հայկական Վան քաղաքը Իրանում Պարսկական կայսրության «մարգարիտ» է համարվում

Արևմտյան Հայաստանի և ժամանակակից Ադրբեջանի տարածքը Թեհրանում որոշ մարդկանց թիրախի տակ է գտնվում, պնդում է հայ քաղաքագետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Իրանի պատմագրության համաձայն` Բաքուն, Դերբենտն ու Վանը Պարսից կայսրության «մարգարիտներ» են համարվում, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Մեզ մոտ գերադասում են այդ մասին չխոսել, սակայն Վան քաղաքը և նրա շրջանները, Իրանի պատմագրության համաձայն` մինչ օրս Պարսից կայսրության մարգարիտներ են համարվում։ Ու սա բացարձակ ծիծաղելի չէ, դրանք շատ լուրջ խոսակցություններ են», – ասաց Շաքարյանցը։

Եզակի գտածո. Վանի բնակավայրերը մի քանի հազարամյակի պատմություն ունեն

Նրա խոսքով` որոշ մարդիկ մտածում են, որ հավաքեն կորուսյալ «մարգարիտները», այդ թվում` մի շարք բնակավայրեր։

Այդ քաղաքների և բնակավայրերի անունները տարածաշրջանում հնչեցնելը շատերին կարող է զարմացնել։

«Դրանց թվում է նաև Բաքուն և մի շարք այլ քաղաքներ, ընդհուպ մինչև Դերբենտը», – ասաց Շաքարյանցը։

Նրա խոսքով` այստեղ կանգնած է Թուրքիայի շիաների, ալավիների և ալևիների հարցը, որոնք ավելի շատ հակված են դեպի Իրան, որպես հարազատ կրոնական խմբի։

«Հսկայական «քաոս» է լինելու։ Մի շարք հետաքրքիր բաներ կիմանանք», – նշեց Շաքարյանցը։

Օրինակ, քաղաքագետի խոսքով, կպարզվի, որ քրդերի մի մասը` ընդհանրապես քուրդ չեն, այլ տարբեր լեզուներով խոսող իրանցիներ։